Մատենադարանում կմեկնարկի հայագիտական միջազգային կոնգրեսը

Հուլիսի 9-12-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, կազմակերպում է Հայագիտական միջազգային կոնգրեսը:

Կոնգրեսի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, Մատենադարանի Հրաչյա Թամրազյան դահլիճում:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի» տնօրեն Արա Խզմալյանը:

Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Ուրախությամբ պետք է նշել, որ այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մեծացել է նաև երիտասարդ մասնագետների մասնակցությունը, և սա Կոնգրեսի գլխավոր նպատակներից է, այն է՝ խթանել միջազգային հայագիտության շարունակականությունը: Ակտիվացել են նաև մասնագիտական փոխանակումների և շարժունակության ծրագրերը:

Քառօրյա գիտագործնական աշխատանքների ընթացքում աշխարհի հեղինակավոր համալսարանների և հետազոտական կենտրոնների մասնակիցները քննարկելու են միջազգային հայագիտության արդի խնդիրները, զարգացման ռազմավարության ուղենիշները, ինչպես նաև բազմակողմ համագործակցության խթանման և միասնական հարթակի ձևավորման հարցերը:

2024-ին կայացած Կոնգրեսը հիմք դարձավ համակողմանի վերլուծական մի փաստաթղթի, որում ի մի են բերվել քննարկումների արդյունքում ձևակերպված հիմնական խնդիրներն ու անելիքները, լիարժեք գիտական համագործակցությանն ու շրջանառությանը խոչընդոտող հանգամանքները:

Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի կունենա.

Հուլիսի 9-ին՝ ժամը 19։00-ին, «Մեկ տարվա հավերժությունը-Բ․ Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցահանդեսի բացման արարարողություն։

Հուլիսի 11-ին՝ ժամը 16։45-ին, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի «Մատենադարանի Տիեզերաբանական և Աշխարհագրական թաքուն գանձերը» գրքի շնորհանդես։

Հուլիսի 12-ին՝ ժամը 12-ին, Կոնգրեսի վերջին նիստը կանցկացվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, որին կհաջորդի Մատենադարանի ավագ գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրկան ժառանգությունը» գրքի շնորհանդեսը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031