Ֆինլանդիան մտադիր է հրաժարվել միջուկային զենքի ներմուծման, տարանցման և պահպանման՝ 1980-ական թվականներից գործող արգելքից, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Անտի Հյաքյանենը, գրում է Politico-ն։ Ըստ գերատեսչության ղեկավարի՝ ներկայիս պայմաններում գործող կանոնակարգերը այլևս արդիական չեն և անհամատեղելի են Ֆինլանդիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի հետ։
Նախարարն ընդգծել է, որ միջուկային զենքի տեղափոխումը թույլատրվելու է միայն ազգային պաշտպանության նպատակներով՝ հրաժարվելով բացահայտել կոնկրետ սցենարներ։ Հյաքյանենը նշել է նաև, որ Հելսինկին իր տարածքում միջուկային զենքի մշտական տեղակայման չի ձգտում. դա կպահանջի առանձին միջկառավարական համաձայնագիր, որը պետք է հաստատի խորհրդարանն ու երկրի ղեկավարությունը։ Փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել քրեական օրենսգրքում և միջուկային էներգիայի մասին օրենքում։ Կառավարությունը նախատեսում է դրանք ընդունել մինչև ամռան վերջը՝ նախապես գաղտնի նյութեր տրամադրելով խորհրդարանի անդամներին, գրում է Yle-ն։
Կրեմլն արդեն արձագանքել է Ֆինլանդիայի ծրագրերին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ֆինլանդիայի տարածքում միջուկային զենքի տեղակայումը կդիտարկվի որպես ուղղակի սպառնալիք, որին Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի: «Սրանք հայտարարություններ են, որոնք հանգեցնում են լարվածության սրման եվրոպական մայրցամաքում: Սրանք հայտարարություններ են, որոնք մեծացնում են Ֆինլանդիայի խոցելիությունը»,- ասել է նա։
Ֆինլանդիան միացել է ՆԱՏՕ-ին 2023 թվականի գարնանը՝ հրաժարվելով տարիների չեզոքությունից, երբ Վլադիմիր Պուտինը լայնածավալ պատերազմ սկսեց Ուկրաինայում: Դա կրկնապատկել է Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի սահմանի երկարությունը՝ հասցնելով ավելի քան 1300 կիլոմետրի: Շվեդիան հետևել է Ֆինլանդիային՝ միանալով դաշինքին 2024 թվականի գարնանը։
Ընդ որում, Պուտինը, որը սկզբում Ուկրաինայի վրա հարձակումը բացատրել է որպես ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու անհրաժեշտություն, Հելսինկիի և Ստոկհոլմի կողմից դիմումներ ներկայացնելուց հետո հայտարարեց, որ Մոսկվան դաշինքին իրենց անդամակցությունը լուրջ սպառնալիք չի համարում: «Եթե նրանք ուզում են, կարող են», — ասել է նա։
Ֆինլանդիայի հայտարարությունը հնչում է Եվրոպայում միջուկային հռետորաբանության ուժեղացման ֆոնին: Մարտի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրի զինանոցում միջուկային մարտագլխիկների քանակը մեծացնելու ծրագրերի մասին: Ելույթ ունենալով միջուկային սուզանավերի բազայում՝ նա կոչ արեց «ուժեղացնել» զսպումը և հայտարարեց դաշնակիցների, դրանց թվում՝ Գերմանիայի, Բելգիայի, Դանիայի, Հունաստանի, Շվեդիայի, Նիդեռլանդների և Լեհաստանի հետ միջուկային համագործակցության ընդլայնման մասին։






































