Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կարող է զրկել Իտալիային 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքից, ինչպես նաև հեռացնել իտալական ակումբներին եվրագավաթային մրցաշարերից, եթե Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում արտաքին կառավարում սահմանվի։ Այս մասին հայտնում է Calcio e Finanza-ն՝ հղում անելով Corriere della Sera-ին։
Ավելի վաղ Իտալիայում ծագած մրցավարական աղմկահարույց սկանդալի ֆոնին Ա Սերիայի և Բ Սերիայի Մրցավարական ազգային հանձնաժողովի ղեկավար Ջանլուկա Ռոկին հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին։
Նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ «սպորտային խարդախությանը մեղսակցելու» մեղադրանքով։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Իտալիայի սպորտի նախարար Անդրեա Աբոդին չէր բացառել ֆեդերացիան արտաքին կառավարման հանձնելու հավանականությունը՝ կոչ անելով գործընթացին միջամտել Իտալիայի Ազգային օլիմպիական կոմիտեին։
Նյութում նշվում է, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելիի հետ հանդիպման ժամանակ խստորեն նախազգուշացրել է. քաղաքական միջամտությունը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներքին գործերին կարող է հանգեցնել Եվրոպայի առաջնության անցկացման հայտի չեղարկմանը և ակումբների՝ եվրոպական մրցաշարերից անհապաղ հեռացմանը։
«Շտապողական որոշումները կամ ցանկացած տեսակի հետևությունները պարզապես անթույլատրելի են։ Մեր անմիջական պարտականությունն է պահպանել իրավական երաշխիքները մինչև վերջնական որոշման կայացումը։ Եթե պարզվի, որ ինչ-որ մեկը սխալ է թույլ տվել, նա անպայման պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Բայց կասկածի տակ դնել համակարգի ազնվությունն ու առաջնության բնականոն անցկացումը, անթույլատրելի է»,- ավելի վաղ հայտարարել էր Սիմոնելին։
Նախատեսվում է, որ այս շաբաթ կկայանա Լիգայի խորհրդի նիստը, որտեղ կնշանակվի փաստաբան՝ ներկայացնելու անձամբ Լիգայի և, որպես տուժող կողմ, Սիմոնելիի շահերը։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Գաբրիելե Գրավինան հայտարարել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին այն բանից հետո, երբ Իտալիայի ազգային հավաքականը չկարողացավ նվաճել ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իտալիան և Թուրքիան դեռ 2023 թվականին էին ընտրվել որպես Եվրո-2032-ը համատեղ հյուրընկալող երկրներ։






































