ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ:
«2000 թվականից փետրվարի 21-ն աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ 1999 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված և 2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 56/262 բանաձևով վավերացված՝ աշխարհով մեկ սփռված ազգային լեզուների և մշակույթների իրավունքների պաշտպանությանը նվիրված այս օրվա խորհուրդն այն է, որ ոչ միայն ամրագրի լեզվական ու մշակութային բազմազանության փաստն աշխարհում, այլ նաև այն ըմբռնվի՝ որպես կարևորագույն արժեք»:
2005 թվականից Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է փետրվարի 21-ը՝ որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ Մայրենի լեզվի իրավունքների պաշտպանությանը և աշխարհում մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված այս շարժմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատահական չէ։
«Մեր կողքին ապրում, կրթություն ստանում, մեզ հետ աշխատում և բարիք են ստեղծում Հայաստանում բնակվող բազմաթիվ այլազգիներ։ Մայրենի լեզվով կրթություն ստանալու, ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն և մշակույթը պահելու և զարգացնելու նրանց իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով։
Ամեն տարի բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են նպաստելու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ու ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։
Սակայն այսօրվա խորհուրդն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը լեզվական ու մշակութային բազմազանությունը որպես խաղաղ ու բարեկեցիկ կյանքի գրավական նկատի, այլ լեզվով հնչող խոսքն ու ավանդույթը հավասարապես հարգի՝ որպես համամարդկային արժեք։
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն, իսկ ազգային լեզուներն ու մշակույթներն իրենց մեջ նաև յուրաքանչյուր ազգի պատմական փորձն ու հիշողությունն են կրում։ Դրանցով է ձևավորվում մեզանից յուրաքանչյուրի անհատական ու հավաքական ինքնությունը, իսկ դրանց հանդեպ ունեցած հարգանքով է հնարավոր ձևավորել հանդուրժողականության այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար»,-նշել է նախարարը:
Անդրեասյանն ուրախությամբ հայտնել է, որ պետության ֆինանսավորմամբ 2026 թվականի հունվարի մեկից Երևանի պետական համալսարանում գործում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խումբ: Առանձնահատուկ կարևորվում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցմանն ու որակավորված մասնագետների պատրաստմանն ուղղված աշխատանքները, որի կապակցությամբ արդեն աշխատանքներ են տարվում Ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խմբի շրջանակում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման կենտրոն ստեղծելու ուղղությամբ։
«Մայրենի լեզվի և մշակութային բազմազանության միջազգային այս օրը եկեք նշանավորենք մեզանից յուրաքանչյուրի ուշադրությամբ դեպի մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթը, բայց նաև դեպի մեր բարբառներն ու դրանցով ստեղծված ժողովրդական մշակույթը, ճանաչե՛նք դրանք որպես մեր կյանքը պայմանավորող կարևոր արժեքներ»,-ասված է ուղերձում:






































