ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է զգալի դեր խաղալ Իրանի հետպատերազմյան քաղաքական լանդշաֆտի ձևավորման գործում։
Հարցին, թե ինչ ազդեցություն է նա ակնկալում ունենալ Իրանի ապագա ղեկավարության վրա, Թրամփը պատասխանել է. «Ես մեծ ազդեցություն եմ ունենալու, հակառակ դեպքում նրանք որևէ համաձայնության չեն գա, քանի որ մենք այլևս դա անելու կարիք չենք ունենա։ Մենք աշխատելու ենք ժողովրդի և ռեժիմի հետ՝ համոզվելու համար, որ նրանք կունենան մեկին, ով կարող է կառուցել Իրան առանց միջուկային զենքի»։
ԱՄՆ նախագահը նաև արտահայտվել է հանգուցյալ այաթոլլահ Ալի Խամենեիի որդու մասին, որը հավակնում է դառնալ հաջորդ Գերագույն առաջնորդը։
«Հիմա նրանք նայում են որդուն։ Պատճառը, որ հայրն այդ գործը չի տվել որդուն, այն է, որ նրանք ասում են, որ նա անիրավասու է»,- ասել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է «աշխատել նրանց հետ՝ օգնելու համար ճիշտ ընտրություն կատարել», քանի որ ցանկանում է խուսափել նրանից, որ Իրանի առաջնորդը լինի «մեկը, ով մեզ կստիպի դա կրկին անել 10 տարի անց»։
Թրամփը վստահություն է հայտնել իր ընտրարշավի հաջողության նկատմամբ և հերքել մտահոգությունները, որ հակամարտության հետ կապված գազի գների բարձրացումը կարող է քաղաքական վնաս հասցնել հանրապետականներին նոյեմբերյան ընտրություններից առաջ, ինչը կարող է խաթարել կուսակցության եռամիասնությունը Վաշինգտոնում։
«Մարդկանց դուր է գալիս այն, ինչ տեղի է ունենում։ Մենք վերացնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների համար սպառնալիքը, լուրջ սպառնալիքը… և մենք դա անում ենք այնպես, ինչպես նախկինում ոչ ոք երբեք չի տեսել»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն Իրանի դեմ ԱՄՆ արշավը բնութագրել է որպես մանրամասնորեն վերահսկվող՝ պարծենալով իր հսկայական ռազմական կարողություններով, չնայած զենքի մատակարարումների կրճատման վերաբերյալ Պենտագոնի պաշտոնյաների և Կոնգրեսի օրենսդիրների մտահոգություններին։
«Մենք գործում ենք վիրաբուժական եղանակով։ Մենք ունենք զենքի անսահմանափակ պաշարներ, անսահմանափակ։ Դրանք հազարավոր են, հազարավոր»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը նաև կարծում է, որ Իրանի ռազմական ներուժն արդյունավետորեն ոչնչացվել է։
«Նրանք չունեն նավատորմ։ Նրանք չունեն ռազմաօդային ուժեր։ Նրանք չունեն օդային հայտնաբերման հնարավորություններ։ Այդ ամենը ոչնչացված է։ Նրանց բոլոր ռադարները ոչնչացված են։ Նրանց զինված ուժերը ոչնչացված են։ Նրանց ունեցածը միայն քաջությունն է»,- հավելել է Թրամփը։






































