Իրանը պաշտոնապես տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած անօրինական ռազմական հարձակումների հետևանքով Գոլեստան պալատին և Թեհրանի Մեծ շուկայի մի մասին պատճառված լուրջ վնասի մասին։
Ըստ հայտարարության՝ ազգային գնահատականները հաստատում են պայթյունների և ցնցող ալիքների հետևանքով առաջացած կառուցվածքային և դեկորատիվ վնասները։
Այդ վայրերը ներկայում պահանջում են անհապաղ տեխնիկական գնահատում, արտակարգ կայունացում և պաշտպանիչ միջոցառումներ՝ հետագա վատթարացումը կանխելու համար։
Իրանն ընդգծել է, որ նման գործողությունները խախտում են միջազգային պարտավորությունները, դրանց թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը, 1972 թվականի Համաշխարհային ժառանգության կոնվենցիան և 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին։
Իրանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին հարձակումները դատապարտելու խնդրանքով և կոչ անել դադարեցնել մշակութային ժառանգության վայրերի վրա հարձակումները, անհապաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներ ուղարկել, համագործակցել կայունացման, փաստաթղթավորման և պահպանման հարցերում, ինչպես նաև ակտիվացնել Համաշխարհային ժառանգության պաշտպանության մեխանիզմները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։






































