Կրեմլի «բալալայկայի» տակ պարելով «պալիծիկա» մտած Կալուգացին թող թմբուկ, տրոմբոն, շեփոր գնի՝ պատրաստվելով հունիսի 8-ին

Իրեն «բեզպիծիմինուտ» վարչապետ երևակայող Սամվել Կալուգացու PR թիմը, ապացուցելու համար, որ իրենց «կլիենտը» բերանը բացուխուփ անել, ասել-խոսել գիտի, արհեստական բանականության փոխարեն մեկումեջ էլ ապավինում է սեփական բանականությանը, որոշել էր 5 հարց հղել նրան ուժեղներից մեկի՝ Ալիկ Ալեքսանյանի բերանով։  Լավ կլիներ, իհարկե, եթե Ալիկ Ալեքսանյանը ձեռք քաշած լիներ իր ու Կարապետյանի բանականությունը ոտնձգության ենթարկելու մտքից, բայց  դե․․․ ունենք այն, ինչ ունենք՝  հարցուպատասխան, որն արժանի է  ներառվելու քաղաքական ախմախության բացառիկ նմուշների քրեստոմատիայում։

Այդ՝ ցինիզմի ու ախմախիզմի յուրօրինակ «միքսին» հետևելիս մեզ մի պահ թվաց, թե ժամանակի մեքենան հետ է պտտվել մի քանի տարով՝ Դիմադրության շարժման օրեր ենք վերապրում, երբ փորձ էր արվում զարթնեցնել «լաո»-ին՝ ահաբեկելով Հայաստանի «թրքացման», Սյունիքի կորստի, Երևանի՝ Էրիվան, Սևանի՝ Գյոչա դառնալու, 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին թեզերով, բայց «լաոն» էդպես էլ չզարթնեց՝ տուն ուղարկելու Նիկոլ Փաշինյանին, փոխարենը «երեք մատի կոմբինացիա» ցույց տվեց ու գրողի ծոցն ուղարկեց  քաղաքական հայտնի «բուդիլնիկներին»՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, Իշխան Սաղաթելյան, որոնց բոլորի հետ, ի դեպ, Սամվել Կարապետյանը սերտ հարաբերություններ ունի։ Ավելին՝ պատրաստվում է գործակցել ընտրություններից հետո, եթե, իհարկե, քաղաքական արմագեդոն տեղի ունենա՝ իր ուժեղ խմբակը գա իշխանության։

Եվ ուրեմն, ինչպես պարզվեց Ալիկ-Սամո հարցուպատասխանից, Դիմադրության շարժման տրոլեյբուսից ուշացած Սամվել Կարապետյանը որոշել է 2026-ի խորհրդարանական ընտրապայքարին մասնակցել օգտագործելով «զարթնիրլաո»-ական «վախտերի» ժամկետանց, նավթալինահոտ սկավառակը՝ կրկնելով Քոչարյանի, Սարգսյանի, տո՝ ՀՅԴ-ի քանիցս ֆռռացրած, բայց հաջողությամբ ջախջախված   նարատիվները։ Սա՝ իմիջիայլոց։

Ակնհայտ է, որ Կալուգացու փիառշիկները, ենթադրաբար Կիրիենկոյի կոորդինացմամբ, որոշել են այնպիսի հարցուպատասխան բեմադրել, որ երեք երկրի քաղաքացիություն ունեցող, միլիարդատեր իրենց «կլիենտը» հեգնա-ծաղրական ոճով խոսի ՀՀ գործող վարչապետի մասին՝ մտնելով մաչոյի կերպարի մեջ։ Կարող էին, չէ՞, արհեստական բանականությամբ մի նորմալ, խելքը գլխին հարցուպատասխան գեներացնել՝ փոխարենը քարոզչական տխմար սուտ հորինելու, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է «300 հազար ադրբեջանցիներ բերել» Հայաստան։ Ակնհայտ է, որ Ալիկներին ու կալուգացիներին պետք էր հնչեցնել «300 հազար ադրբեջանցի» կապակցությունը՝ հանգավորելու իրենց  քարոզչական նարատիվը 300 հազար աշխատատեղերի մասին։ Նրանց չի հետաքրքրում այն մեծագույն վնասը, որ հասցվում է Հայաստանին, խաղաղության գործընթացին, նրանց հետաքրքրում է սոսկ 300 հազար թվի հնչեցումը, որպեսզի «շեֆը» այդքան թվաքանակով աշխատատեղ ստեղծողի պոզա ընդունի։

Ի դեպ, «շեֆ» ասացինք, հիշեցինք՝ էդ նույն հարցուպատասխանի ժամանակ Սամվել Կալուգացին խոսում է Նիկոլ Փաշինյանի՝ «շեֆ» ունենալու մասին՝ ի դեմս Ալիևի։ Կալուգաներում բիզնես արած, հարստացած Սամվել Սարգիսիչի բանականությունն ակնհայտորեն ունակ չէ ընկալել, որ 680 հազար քաղաքացիների քվեով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը ունեցել է ու ունի ընդամենը մեկ «շեֆ»՝ ՀՀ քաղաքացին, Հայաստանի ժողովուրդը, որին անմնացորդ ծառայելու հանձնառությունը ստանձնել է դեռևս 2018-ին։ Այնպես որ՝ «շեֆերի» թեման բացած Սամվել Սարգիսիչը եթե մեկ ունցիա բարոյականություն ունի  ու կես գրամ էլ հարգում է ՀՀ-ում շեֆ կարգելու «լիցենզիա» ունեցող միակ սուբյեկտին՝ ժողովրդին, ապա պետք է Ալիկ Ալեքսանյանի հետ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ տա իր շեֆի անունը, խոստովանի նրա իջեցրած հրահանգի մասին՝ «գնա Հայաստան ու ամեն գնով վարչապետ դարձիր»։ Շեֆի թեման զարգացնելով՝ մի հարց էլ արժի տալ Սամվել Կալուգացուն՝  եթե, դիցուք, մի հրաշքով դառնա ՀՀ վարչապետ, ո՞ւմ շահերով է առաջնորդվելու՝ Կրեմլում նստած «շեֆի՞», թե՞ Հայաստանի ու դրա ժողովրդի։ Ասենք՝ խաղաղության գործընթացը, ԹՐԻՓՓ-ի գործարկումը, ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու օրակարգն ինչպե՞ս է առաջ տանելու՝ Հայաստանի շահերին հետամուտ լինելո՞վ, թե՞ ոնց կասի «շեֆը» սկզբունքով։

Հա, մի բան էլ աշխատատեղերի մասին. 300 հազար աշխատատեղ խոստացող, փաստորեն, շուլուխչի  Սամվել Կալուգացին որոշել է հարցուպատասխանում հումորի  նոտա մտցնել՝  խոստանալով մի աշխատատեղ էլ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար՝ թմբուկ նվագողի։ Նրա ասածը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Կրեմլի նվագած բալալայկայի տակ պարելով ՀՀ քաղաքական դաշտ մտած Սամվել Կալուժցին ու նրա թիմը լավ կանեն հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ մարդա մի հատ թմբուկ, շեփոր, տրոմբոն գնեն, տրեներովկա անեն, որպեսզի պատրաստ լինեն հունիսի 8-ին։ Այդ օրը պարզ կդառնա, թե «շեֆը»՝ ՀՀ քաղաքացին, ում է ընտրել իրեն ծառա, և ով է, որ պետք է նվագի իր փշրված անուրջների «մարշը»՝ աղաղակելով հայտնի ֆիլմի ֆրազը՝ «Шеф, всё пропало»!

Հ. Մանուկյան

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930