Եվրոպական խորհրդարանն ընդունել է Հայաստանի ժողովրդավարության կայունությանն աջակցելու մասին բանաձև։
Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում քվեարկել է Հայաստանի հարցով բանաձևի օգտին՝ հաստատելով ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Բանաձևի օգտին քվեարկել են 476 պատգամավորներ, դեմ՝ 47-ը, 48-ը ձեռնպահ է մնացել։
Բանաձևը աջակցում է 2026 թվականի հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի միայն Հայաստանի ժողովուրդը։ Միաժամանակ նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման և ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Բանաձևը ողջունում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը և Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և բարեփոխումներին։ Հատկապես ընդգծվում է 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացումը՝ որպես Հայաստանի հետ համերաշխության կարևոր քաղաքական ազդանշան։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բանաձևը աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և համապարփակ խաղաղության համաձայնագրի ձեռք բերման կոչ է անում՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վրա։
Բանաձևը դատապարտում է հայ գերիների ձերբակալումը Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել։
Բանաձևը ողջունում է ԵՄ մոնիթորինգային առաքելության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ընդլայնումը և կոչ է անում ավելացնել ԵՄ ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը Հայաստանին, հատկապես էներգետիկայի, թվային և տնտեսական կայունության ոլորտներում։
Բանաձևը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ սահմանների բացման և տարածաշրջանային կայունության նպատակով։
Բանաձևը վճռականորեն դատապարտում է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունները՝ այդ առումով ընդգծելով հատկապես Ռուսաստանի և դրա ազդեցության ցանցերի գործունեությունը՝ ներառյալ կիբեռհարձակումները և ապատեղեկատվությունը։






































