Վերջին օրերին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ կապ է պահպանվել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ պայմանավորված չվերթերի չեղարկման հետևանքով հավատարմագրման երկրներում մնացած հիմնականում զբոսաշրջային նպատակներով Հնդկաստանում և Շրի Լանկայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, հավաքագրվել են անհրաժեշտ տեղեկություններ և դիտարկվել են նրանց ՀՀ վերադարձի հնարավորությունները։
«Դեսպանությունը հետևողականություն է ցուցաբերել համապատասխան թռիչքի թույլտվության ստացման անհրաժեշտ աշխատանքներում, այդ թվում՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ:
Մարտի 5-ի ուշ երեկոյան Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel») (104 ՀՀ քաղաքացի) Գոայից ուղևորվել են Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Այս պահի դրությամբ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից ՀՀ 12 քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, որոնք այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։
Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, որոնց ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։
Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ կապի տվյալներ՝ +32 493 88 00 88 (նաև WhatsApp)»,- ասվում է հաղորդագրության մեջ:






































