ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:
Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել միասնական աշխատանքի և հաջող համագործակցության համար:
Կողմերը բարձր են գնահատել նախընթաց տարում երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ստորագրված փաստաթղթերի շրջանակում նախանշված համագործակցությունը՝ որպես կայուն զարգացման հնարավորություն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բարձրագույն կրթության և գիտության, կինոյի, թանգարանների ու գրադարանների, արխիվների միջև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին: Այս համատեքստում մատնանշվել է «Ղազախստանցի գրողների հետազոտական աշխատանքներն ԱՊՀ երկրների արխիվներում» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտական այցը Մատենադարան և Հայաստանի ազգային արխիվ:
Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ գարնանը Հայաստանի երկու քաղաքներում նախատեսվում են խոշոր միջոցառումներ՝ «Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» և «Կապանը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք», որոնց ակնկալվում է նաև ղազախական կողմի ներկայությունը:
Անդրադարձ է եղել նաև սպորտի ոլորտում իրականացված համագործակցությանն ու դրա հետագա խորացմանը տարբեր մարզաձևերում:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։






































