Մարտուն Գրիգորյանն ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարանական խմբակցության անդամ է, եւ մենք հարգում ենք նրա որոշումը՝ միանալ գործարար Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմին։ Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Նա նշել է, որ շնորհակալ է գործընկերոջը համատեղ պայքարի համար։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրենց առաջարկած իմփիչմենթը հավասարազոր է փողոցային պայքարին։ Նա ընդգծել է, որ ընդդիմադիր ուժերի հետ քննարկումները կկենտրոնանան մեկ օրակարգի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից։
«Իմփիչմենթը եւ ընտրությունները միմյանց բացառող գաղափարներ չեն։ Դրանց միջեւ հակասություններ չկան ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով։ Հետեւաբար, նրանք, ովքեր ցանկանում են արձագանքել ՀՀԿ ծրագրին, պետք է հաշվի առնեն վերը նշվածը»,- ասել է Մամիջանյանը։






































