ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին

Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում է ԱԺ կայքը:

Փոխնախարարի խոսքով՝ օրենքի 7.1-ին հոդվածը նախատեսում է Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները:

Ըստ նրա՝ եթե օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարում է իրավախախտում ՀՀ տարածքում, ապա նա նույնականացվում է և իր կողմից կատարված վարչական տուգանքի մասով ծանուցում է ստանում ու հնարավորություն ունենում վարչական տուգանքը վճարել և մարել սահմանին: Ներկայում նման հնարավորություն առկա չէ այն պարագայում, երբ օտարերկրացին նման իրավախախտում կատարում է ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով:

Հիմնական զեկուցողը հայտնեց՝ առաջարկվող փոփոխությունն առնչվում է հենց այս դրույթին:

«Առաջարկում ենք՝ եթե ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացին կատարի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ՀՀ-ում, ապա այդ տուգանքները նրան եւս ծանուցվեն, և նա տուգանքը կարողանա վճարել և մարել սահմանին»,- ասաց Ղազարյանը:

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների ավելացում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան կխնայի մոտ 90.000.000 դրամ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031