ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծել են Իրանի նավթային պահեստները՝ շուրջ 30 օբյեկտ. օդը թունավոր է, քաղաքները՝ ծխի մեջ

Մարտի 7-ին Իսրայելի զինված ուժերը հայտնել են Իրանի նավթային ենթակառուցվածքների դեմ իրենց առաջին ավիահարվածների մասին: Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը հայտնել է, որ մայրաքաղաք Թեհրանում թիրախավորվել է առնվազն 30 նավթի պահեստարան, հաղորդել է dpa-ն։

Իրանի նավթի նախարարության անանուն պաշտոնյան հաստատել է Fars լրատվական գործակալությանը, որ Թեհրանում և հարևան Քարաջ քաղաքում հարձակման են ենթարկվել երեք նավթի պահեստարաններ:

IRNA-ն հայտնել է, որ այդ պահեստարաններից երկուսը գտնվում էին Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող խոշոր նավթավերամշակման գործարանի մոտ, որը չի վնասվել։ Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցները և տեղի բնակիչները հաղորդում են հարվածների վայրերի մոտակայքում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասների մասին, այդ թվում՝ բնակելի շենքերին, խանութներին, հիվանդանոցներին, դպրոցներին և ջրամատակարարման համակարգերին։

Մի շարք բնակավայրեր պատված են ծխի հաստ շերտով:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հակադարձել է՝ հրթիռներ արձակելով Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա: Այս տեղեկատվությունը Իսրայելի կողմից հաստատում չի ստացել:

Վտանգավոր են ոչ միայն հարվածներն ու հրդեհը, այլը հետևանքները

Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է, որ նավթապահեստարաններին հասցված հարվածների ու պայթյունների հետևանքով կարող են տեղալ թթվային անձրևներ:

«Նավթապահեստարանների պայթյունը հանգեցնում է մթնոլորտ մեծ քանակությամբ ածխաջրածնային թունավոր միացությունների, ծծմբի և ազոտի օքսիդների արտանետման: Եթե այդ ընթացքում անձրև է սկսվում, ապա այն դառնում է շատ վտանգավոր և օժտված է լինում ուժեղ թթվային հատկություններով»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նման երևույթը կարող է հանգեցնել մաշկի քիմիական այրվածքների և լուրջ վնաս հասցնել թոքերին:

Այդ կապակցությամբ իրանական Կարմիր մահիկը նավթապահեստարանների պայթյունից հետո տեղումների դեպքում խորհուրդ է տվել ոչ մի դեպքում դուրս չգալ տնից, իսկ դրսում գտնվելու դեպքում՝ պատսպարվել ծածկի տակ։

Ըստ փրկարարների՝ մաշկի վրա անձրևի կաթիլների ընկնելու դեպքում այդ հատվածը չի կարելի տրորել, քանի որ դա նպաստում է քիմիական միացությունների ներթափանցմանը մաշկի տակ. անհրաժեշտ է այն լվանալ ջրով:

Իսրայելը երկու օրվա ընթացքում Իրանի ուղղությամբ ավելի քան 300 հարված է հասցրել

Մարտի 7-ի երեկոյան IDF-ը հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում Իրանում գտնվող թիրախների վրա ավելի քան 300 և Լիբանանում Հեզբոլլահի թիրախների վրա ավելի քան 170 հարված է հասցրել: Այդ հարվածները ներառել են հրթիռների պահեստարաններ և արձակման կայանքներ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածը իսրայելական և ամերիկյան թիրախների վրա հարձակումների 27-րդ ալիքի մի մասն էր։ Այս հաղորդագրությունների համաձայն, հարվածներ են հասցվել նաև Դուբայում (ԱՄԷ) գտնվող ԱՄՆ ռազմական շտաբին և Բահրեյնի Պորտ Սալմանում գտնվող ԱՄՆ պահեստներին։

Թրամփը սպառնում է ավելի մեծ ինտենսիվություն տալ Իրանի վրա հարվածներին

Ավելի վաղ՝ մարտի 7-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել էր, որ Իսլամական Հանրապետությունը այդ օրը «ծանր հարձակման» կենթարկվի։

«Իրանի վատ վարքագծի պատճառով այժմ լրջորեն քննարկվում է լիակատար ոչնչացումը և անխուսափելի մահը նախկինում թիրախ չհամարվող տարածքներում և բնակչության շրջանում», — ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի ամենամեծ բռնակալը» չէ, այլ տարածաշրջանի «ամենամեծ պարտվողը»։

«Եվ սա կշարունակվի տասնամյակներ շարունակ, մինչև այն կապիտուլյացիայի ենթարկվի, կամ, ավելի հավանական է, լիովին փլուզվի», — գրել է ԱՄՆ նախագահը։

Մարտի 6-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են Մերձավոր Արևելք ուղարկել իրենց երրորդ ավիակիրը՝ USS George H.W. Bush-ը։

Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունն Իրանի դեմ

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր ավիահարվածներ են հասցնում Իրանին։ Արդյունքում զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իրանի ղեկավարության այլ բազմաթիվ անդամներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին, Պարսից ծոցի մի քանի երկրներին, որտեղ կան ամերիկյան ռազմական ենթակաեուցվածներ կամ օբյեկտներ և տարածաշրջանում ԱՄՆ մյուս թիրախներին։

Մարտի 6-ին Թրամփը պահանջել է Թեհրանի «անվերապահ հանձնվելը»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ընդգծել է, որ իր երկիրը չի հանձնվի Իսրայելին և ԱՄՆ-ին։

Նա նաև ներողություն է խնդրել հարևան պետություններից, որոնք ենթարկվել են իրանական հարձակումների, և խոստացել է, որ դրանք չեն կրկնվի, եթե այդ երկրներն իրենք չհարձակվեն Իրանի վրա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031