Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Իրանի նավթապահեստների վրա հասցված իսրայելական հարվածների շուրջ․ NYT

Իսրայելի կողմից Թեհրանի մերձակայքում գտնվող նավթապահեստների թիրախավորումն ու հարվածների լայն մասշտաբն անակնկալի են բերել Վաշինգտոնին և լուրջ տարաձայնությունների պատճառ դարձել դաշնակիցների միջև։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ըստ պարբերականի զրուցակիցների՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նախապես տեղեկացրել էր ամերիկյան կողմին սպասվող գործողության մասին։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ԱՄՆ-ի համար անսպասելի է եղել հարվածի նմանատիպ մեծ ծավալը։

«Մենք չենք կարծում, որ դա լավ գաղափար էր», — նշել է ամերիկացի պաշտոնյան՝ մեկնաբանելով իրավիճակը։

Վաշինգտոնում մտահոգված են, որ սովորական քաղաքացիներին սպասարկող ենթակառուցվածքներին Իսրայելի հասցրած հարվածները կարող են ռազմավարական հետևանքներ ունենալ։ Մասնավորապես, ԱՄՆ-ում կարծում են, որ դա կարող է համախմբել իրանական հասարակությանը և հանգեցնել նավթի գների հետագա աճին։

Հիշեցնենք, որ իրանական կողմի փոխանցմամբ՝ կիրակի գիշերը ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Թեհրանում և դրա մերձակայքում գտնվող չորս նավթապահեստների ու ևս մեկ էներգետիկ օբյեկտի։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը չի մասնակցել Թեհրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորմանը։

«Դրանք իսրայելական հարվածներ էին», — նշել է նախարարը CNN-ի եթերում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն այս պահին Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու ծրագրեր չունի։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031