Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին․ Գարեգին Բ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդաց և շնորհավորում Կանանց տոնի առիթով։

Վերստին ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին և արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։

Արդարև, այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար։

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բազումողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով զորացած, շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրությանը։​

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ․ ամեն»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031