Բաքվի և Իսրայելի միջև երկարատև հարաբերությունները կարող են Ադրբեջանին ներքաշել Իրանի հետ ընդլայնվող պատերազմի մեջ․ ԶԼՄ

Ադրբեջանը դարձել է վերջին երկիրը, որը ներքաշվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեջ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը չորս անօդաչու սարքեր են հարվածել Նախիջևանին: Բաքվի պնդմամբ՝ դրանք արձակվել էին Իրանի տարածքից: Հարվածների հետևանքով վնասվել են շենքեր ու ենթակառուցվածքներ, վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ: Ինչպես գրում է Middle East Eye-ը, վերլուծաբանները նշում են, որ Իրանն իր պատասխան գործողություններով փորձում է ցույց տալ տարածաշրջանում ունեցած իր ազդեցությունը:

Տասնամյակներ շարունակ Պարսից ծոցի երկրները (արաբական երկրները) ներկայանում էին որպես «կայունության կղզյակներ» և գրավում ներդրողներին ու զբոսաշրջիկներին՝ հույսը դնելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա: Իրանի այս ռազմական գործողությունները նպատակ ունեն քանդել այդ պատկերացումը և ցույց տալ, որ պատերազմի վնասները կտարածվեն իր սահմաններից շատ հեռու:

Տարածաշրջանում տեղի ունեցող այս ցնցումները նպատակ ունեն ստիպել հարևան երկրներին ճնշում գործադրել Վաշինգտոնի (ԱՄՆ-ի) վրա, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմը:

Վաշինգտոնյան Gulf State Analytics ընկերության տնօրեն Ջորջիո Կաֆիերոն կարծում է, որ այս անկայուն վիճակը կարող է դրդել Պարսից ծոցի երկրներին «համոզել Միացյալ Նահանգներին դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները»։

Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է չեզոք մնալ այս հակամարտությունում։

Միջադեպից հետո Ադրբեջանը 12 ժամով փակել էր բեռնատարների համար իր հարավային օդային տարածքը և Իրանի հետ սահմանային անցակետերը։ Այս քայլով խափանվել է Իրանը Ռուսաստանին կապող ամենակարճ ցամաքային ճանապարհներից մեկը։ Նախագահ Իլհամ Ալիևը նաև սպառնացել էր ռազմական պատասխան տալ, սակայն պաշտոնական արձագանք մինչ այժմ չի եղել։

Թեհրանը վաղուց է կասկածամտորեն վերաբերվում Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններին։ Իրանը մեղադրում էր Բաքվին այն բանում, որ վերջինս թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր տարածքը Իրանին հարվածելու համար։

Թեհրանցի մի քաղաքական վերլուծաբան, ով չի ցանկացել հայտնել իր անունը, Middle East Eye-ին հայտնել է, որ իրանցի պաշտոնյաները համոզված են, որ նախորդ բախումների ժամանակ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։

Բաքուն հերքել է այդ մեղադրանքները: Այնուամենայնիվ, վերլուծաբանը նշել է, որ Իրանի առաջնորդները հակված են այս պատերազմը դիտարկել որպես գոյութենական սպառնալիք:

«Իրանը չի ցանկանում կոնֆլիկտ ունենալ Բաքվի հետ: Սակայն Բաքուն այժմ գործում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից ելնելով», — նշել է վերլուծաբանը՝ հավելելով, որ եթե Իրանում քաոս սկսվի, Ադրբեջանը կարող է դեր խաղալ տարածաշրջանային հետագա իրադարձությունների ձևավորման հարցում:

Անօդաչու թռչող սարքերի հետ կապված այս միջադեպը կարող է քաղաքական հիմք դառնալ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու համար:

Միևնույն ժամանակ, Իրանի հնարավոր փլուզումը նաև լուրջ վտանգներ կստեղծի Ադրբեջանի համար:

Եթե ճգնաժամը սրվի, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, մեծապես հույսը կդնի իր մոտակա դաշնակցի վրա:

Թուրքիան արդեն իսկ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ օգնելով նրան վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Կարծում եմ՝ եթե երբևէ ստեղծվի մի իրավիճակ, որը կսպառնա Ադրբեջանի ազգային անվտանգությանը, կարելի է ենթադրել, որ պաշտոնական Անկարան դա կդիտարկի նաև որպես սպառնալիք Թուրքիայի համար: Եվ, կարծում եմ, թուրքական իշխանությունները շատ հեռուն կգնան Ադրբեջանին պաշտպանելու համար», — հավելել է Կաֆիերոն:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031