Տևական ժամանակ է՝ ընդդիմադիր մամուլը մայում, այդ մամուլին սնուցող ընդդիմադիր գործիչներն էլ աղաղակում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Նիկոլ Փաշինյանի վարկանիշի գահավիժման մասին, բայց, նկատենք, այդպես էլ չէին նշում՝ արդյոք այդ գահավիժման ֆոնին գահավորվե՞լ է իրենց վարկանիշը։ Թե ինչ հարցումների մասին էր խոսքը, ում կողմից իրականացված և ամենակարևորը՝ որտե՞ղ, ո՞ր կուսակցության «պադվալում» կամ «բալկոնում» իրականացված, մամուլն ու դրան ցիտողները չէին նշում։ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, օրինակ, վերջերս Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի դիմաց, բողոքելով իր գործընկերների հանդեպ կիրառվող բռնաճնշումներից, այլայլված ազդարարում էր՝ «հասկանալով, որ այլևս ժողովրդի վստահությունը չի վայելում, ինչը վկայում են «սոցհարցումների տվյալները», իշխանությունը խոդի է տվել ռեպրեսիայի մեքենան». «Ըստ իմ տվյալների՝ նաև վերջին սոցհարցումների տվյալներն են դրվել Նիկոլ Փաշինյանի սեղանին, և էդ սոցհարցումներն իրեն ցնցումների մեջ ա գցել։ Սոցհարցումների շատ տխուր պատկեր ա իր համար, և ընդդիմադիր ուժերը բոլոր հնարավորություններն ունեն էս գալիք ընտրություններում հաղթանակ արձանագրելու։ Եվ սրանից նա ընկել ա ցնցումների մեջ ու նման պրոցեսներ ա փորձում անի էն մնացած մարդկանց վախեցնելու համար․․․ բլա, բլա, բլա»։ «Վերջին սոցհարցում» ասելով թե հատկապես ո՞ր «վերջին»-ը նկատի ուներ պարոն Դանիելյանը՝ էդպես էլ չիմացանք, մինչդեռ նախօրեին հրապարակվեցին ամենավերջին հարցման տվյալները, որոնք, պարզվեց, իրականացվել են ճիշտ այն ժամանակահատվածում, երբ պարոն Դանիելյանը քննչական մարմնի շենքի դիմաց պաշտպանում էր իր կուսակիցների թասիբը։ Խոսքը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից փետրվարի առաջին տասնօրյակին իրականացված հարցման տվյալների մասին է, որոնք պարզորոշ ցույց են տալիս՝ ով ու որ քաղաքական ուժն է գահավիժածը, ով՝ «էշից ընկածը», ով՝ «փալանը փորի տակ ընկածը», և ով․․․ «մինչև քոք մաշվածը»։ Արդ, ոչ թե ահարոնադիբեկյանական շկոլան անցած տեղական սոցկազմակերպությունների, այլ ամերիկյան վերոհիշյալ հեղինակավոր կազմակերպության հարցումները վկայում են՝ եթե առաջիկա կիրակի լինեին ընտրություններ, ապա Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կքվեարկեր հարցվածների 29 տոկոսը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ին՝ 11%-ը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, իմա՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ 4%-ը։ Հարցվածների 2 տոկոսն էլ կքվեարկի մեկ այլ գործարարի՝ Ծառուկյանի ԲՀԿ-ի, իմա՝ «Նոյյան տապան»-ի օգտին, 1-ական տոկոս էլ կստանան Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը, Գուրգեն Սիմոնյանի «Շնորհապետական կուսակցություն»-ը, Թաթոյանի «Միասնության թևերն» ու Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն»-ը։
Նկատեցի՞ք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, ներողություն արտահայտությանս, «ֆուկ են եղել» հարցումներից, նրանց հարցվածներն ուղարկել են արխիվ, իսկ գուցե գրողի ծոցը՝ վաստակած հանգստի։ Ինչն է «սյուր»՝ ընդամենը մի քանի ամիս քաղաքականությամբ զբաղվող, դեղնակտուց գործիչները գոնե 1 տոկոս վստահություն ունեն, իսկ առաջին ու երրորդ նախագահները՝ «նիխտ»։
Երևի այդ է պատճառը, որ ամեն բանի մասին նախապես իմացող ու չկանխող Սերժ Սարգսյանը վերջերս մի գլուխ ազդարարում է, թե՝ ընտրություններն արդեն իսկ կեղծվում են (լավ է՝ սոցհարցման տվյալները կեղծելու մասին չի խոսել), պետք է մինչև ընտրություններ լուծել Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկելու հարցը՝ իմպիչմենթի միջոցով։ Դե․․․ մի գործիքի, որը փորձ են արել մի քանի անգամ բանեցել, բայց այդպես էլ դրանից բան դուրս չի գալիս։
Ուրբաթ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, երբ նույն Գառնիկ Դանիելյանին հարց հղվեց IRI-ի հարցումների մասին, նա, իհարկե, ցնցումների մեջ չընկավ, բայց տրամադրության ակնհայտ անկում ապրեց։ Հարցման նման պատկերի «շառը» ՀՅԴ-ական պատգամավորը ստիպված էր գցել երկրում առկա վախի, բռնաճնշումների մթնոլորտի վրա, որը, բնականաբար, ստեղծել է Նիկոլ Փաշինյանը։ Ասել կուզի՝ հարցվածները բռնաճնշված են եղել հարցմանը մասնակցելիս ու «վախից» հայտարարել են, թե քվեարկելու են ոչ թե իր կառավարման 10-ամյակը «վախի մթնոլորտում» լմնցրած, «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության, «Մարտի 1»-ի սպանդով «նշանավորած» Ռոբերտ Քոչարյանի, այլ՝ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի օգտին։ Գառնիկ Դանիելյանը նշեց, թե իրենք էլ ունեն իրենց հարցման տվյալները, որոնք բավականին հուսադրող են ու տարբերվում են IRI-ի հրապարակած տվյալներից։ «Մեր հարցումներով՝ ՔՊ-ն որևէ շանս չունի իշխանության գալու։ Իրենց հակավարկանիշը ամենաբարձրն է, հետո իրենց տոկոսները որևիցե ձևով իրենց հնարավորություն չեն տալիս մեծամասնություն ձևավորելու, և հակառակը՝ կան մի քանի ձևավորված ուժեր, բևեռներ, որոնք շատ ավելի շատ հնարավորություններ ունեն»։ Թե որտեղ է իրականացվել իր ասած այդ սոցհարցումը, պարոն Դանիելյանը նորեն գաղտնի պահեց՝ մեզ հիմք տալով ենթադրելու, որ այն, երևի, անցկացվել է Հանրապետության փողոցի իրենց գրասենյակում, տվյալներն էլ մշակվել են այդ գրասենյակի «պադվալում» կամ «բալկոնում», կամ Քոչարյան ընտանիքին պատկանող ապարտամենտներից մեկում։ Ինչևէ։
Այժմ դառնանք IRI-ի հարցման այլ տվյալների, քաղաքական առաջնորդների ունեցած վարկանիշներին։ Նիկոլ Փաշինյանը նորից առաջատարն է՝ 18 տոկոս հանրային վստահությամբ, ընդամենը մի կես տարի առաջ քաղաքականություն մտած Սամվել Կարապետյանն ունի 6 տոկոս, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը՝ յուրաքանչյուրը 3 տոկոս։ Պատկերացնո՞ւմ եք, քաղաքականություն մտած ապաքաղաքական կերպարը, որը հանրությանը հայտնի է առավելապես որպես գործարար ու բարերար, ավելի բարձր վարկանիշ ունի, քան քաղաքական գործունեության տասնամյակների ստաժ ունեցող 71-ամյա Քոչարյանը։ Էստեղ են ասել՝ հիմա ո՞վ է մինչև քոք «մաշվածն» ու ո՞վ՝ մաշեցնողը։ Երկրորդ նախագահը, ոնց գցում-բռնում ենք, պետք է բաց թողնի ՀՅԴ-ին (135-ամյա քաղուժին շանս տալով վաստակել իր 4 տոկոսը) ու հետևի իր նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի օրինակին՝ դառնա Գագիկ Ծառուկյանի տապանի հերթական «պասաժիրը»։ Կամ էլ համոզի երեք երկրի քաղաքացի Սամվել Կարապետյանին ու ինքը դառնա «Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համարը։ Մեկ է, էսպես թե էնպես Կարապետյանը, դատելով սույն հարցման տվյալներից, չի կարողանալու ոչ պատգամավոր դառնալ, ոչ էլ, առավել ևս, վարչապետի թեկնածու, քանի որ սահմանադրական մեծամասնություն ձևավորելու «ուժեղների» հույսերը, ինչպես երևում է, ի դերև են ելնում։ Քոչարյանի քաղաքական ամբիցիաների իրացման այլ ձև, քան այս անգամ էլ ինչ-որ մեկի «թիվ մեկ ուժեղը» դառնալը կամ, վատագույն դեպքում, կառուցած տապանը մտնելը, կարծես թե չկա։
Հեղինակավոր այս կազմակերպության հարցման տվյալները, համաձայնեք, ամենադաժանը երրորդ նախագահի ու նրա ՀՀԿ-ի համար են։ Երևի «մանթրաշը» հաղթահարելու նպատակով էր, որ ԱԺ ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ժպիտով էր արձագանքում հարցման վեր հանած տխուր պատկերին։ «Իրականում այդ վարկանիշն ինձ չի հետաքրքրում, այլ մի բան՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը»,- շեշտեց Մամիջանյանը։ Հետո, որպես «պրոֆի» «հարցումագետ», հեգնեց՝ «կապված Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ։ Խնդիրը նրանում ա, որ իրանք հարցում կարդալ չգիտեն։ Որովհետև եթե էդ թվերը բանաձևով անցում ես անում էլեկտորալ ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակը էդքան էլ լավ չի լինում, առնվազն 50-ից պակաս ա լինում»։ Մամիջանյանն, այնուհետ, անցավ ինքնամխիթարանքի՝ «երեք ամիս դեռ կա, դեռևս բոլորը չեն հայտարարել, դեռ ոչ մի ցուցակ հրապարակված չէ, ու որ ուրախ-ուրախ տարածում են, դա իրանց վնաս ա»։ Տեղին է Սերժ Սարգսյանի սանիկին պատասխանել քավորի ոճով՝ բա իսկի զրո ամբողջով տոկոս չտարած քաղաքական ուժը իրավունք ունի՞ հեգնելու այն քաղաքական ուժին կամ դրա լիդերին, որը այսքան ագրեսիվ, բռի, տոտալ հակաքարոզչությունից հետո էլ առաջատարն է հանրային վստահության ցուցանիշով։
Հեղինե Մանուկյան






































