Axios. ԱՄՆ-ն մտահոգված է Իրանի նավթային օբյեկտներին Իսրայելի հարվածների ռազմավարական հետևանքներով

Շաբաթ օրը Իսրայելի հարվածներն իրանական վառելիքի 30 պահեստներին զգալիորեն գերազանցել են ԱՄՆ-ի սպասելիքները, թեև Իսրայելը նախապես տեղեկացրել էր այդ մասին։ Սա դաշնակիցների միջև առաջին լուրջ տարաձայնությունն է պատերազմի մեկնարկից ութ օր անց, գրում է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։

ԱՄՆ-ն մտահոգված է, որ շարքային իրանցիներին սպասարկող ենթակառուցվածքներին Իսրայելի հարվածները կարող են ռազմավարական հետևանքներ ունենալ՝ համախմբելով իրանական հասարակությանը իշխանությունների շուրջ և բարձրացնելով նավթի գները։

Իսրայելի ռազմաօդային ուժերի շաբաթօրյա հարվածները խոշոր հրդեհներ են առաջացրել Թեհրանում. բոցը տեսանելի է եղել մղոններ հեռվից, իսկ մայրաքաղաքը պատվել է թանձր ծխով։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության, վառելիքի պահեստները «իրանական վարչակարգն օգտագործում է տարբեր սպառողների, այդ թվում՝ իր ռազմական կառույցներին վառելիք մատակարարելու համար»։ Իսրայելցի ռազմական պաշտոնյան հայտարարել է, որ հարվածները հասցվել են մասամբ այն նպատակով, որպեսզի Իրանին ստիպեն դադարեցնել հարձակումները Իսրայելի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներից առաջ տեղեկացրել է ամերիկյան զինվորականներին։ Սակայն ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ամերիկյան կողմի համար անսպասելի է եղել հարձակման մասշտաբը։

«Մենք չենք կարծում, թե դա լավ գաղափար էր»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Իսրայելցի պաշտոնյան ԱՄՆ-ի ուղերձն Իսրայելին անվանել է «անիմաստ»։

Թեև թիրախավորված օբյեկտները նավթարդյունահանման վայրեր չեն, ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ այրվող պահեստների կադրերը կարող են վախեցնել նավթային շուկաներին և էլ ավելի բարձրացնել էներգակիրների գները։

Ռազմական գործողությունները վերահսկող իրանական «Խաթամ ալ-Անբիա» շտաբի ներկայացուցիչը շաբաթ օրը նախազգուշացրել է, որ եթե Իրանի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները շարունակվեն, Թեհրանը կարող է պատասխանել նմանատիպ հարվածներով ողջ տարածաշրջանում։ Նա հավելել է, որ Իրանը դեռևս թիրախ չի դարձրել տարածաշրջանային վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքները և սպառնացել է, որ հակառակ դեպքում նավթի գները կարող են հասնել բարելի դիմաց 200 դոլարի։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031