Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 գրությանը։
Ֆինանսական պայմանագրով նախատեսվում է համաֆինանսավորել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի Հյուսիսային՝ 27.1 կմ երկարությամբ և Հարավային՝ 24.25 կմ երկարությամբ ենթահատվածների կառուցումը:
Ճանապարհահատվածների կառուցումը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածների կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տուրիզմի զարգացմանը:
2025 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրվել է այս ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 գրությունը, համաձայն որի՝ Ֆինանսական պայմանագրում նախատեսվում են ներքոգրյալ փոփոխությունները և լրացումները.
«Սահմանումներ» բաժինը լրացնել «Փողերի լվացման դեմ պայքարի 4-րդ հրահանգ», «Փողերի լվացման դեմ պայքարի 5-րդ հրահանգ», «Քրեական իրավունքի միջոցով փողերի լվացման դեմ պայքարի հրահանգ», «Փողերի լվացման դեմ պայքարի հրահանգներ», «Իրական շահառու», «Մերձավոր», «Ընտանիքի անդամ» սահմանումներով:
1.2.Բ «Հատկացման առաջարկ» կետը շարադրել նոր խմբագրությամբ,
4.2.Գ «Կանխավճարի կատարման մեխանիզմները» կետը շարադրել նոր խմբագրությամբ,
6.8 «Բարեվարքություն» կետը լրացնել նոր «դ»՝ «Շահերի բախում» ենթակետով:
Ֆինանսական պայմանագրի մնացած դրույթները կշարունակեն գործել ամբողջությամբ: Փոփոխությունը չի հանդիսանում համաձայնություն, փոփոխություն կամ հրաժարում Ֆինանսական պայմանագրի որևէ դրույթի կամ պայմանի կատարումից:






































