Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ահազանգում է՝ իր պաշտպանյալ, տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խոշտանգում են, քանի որ դատարանի որոշմամբ ոստիկանությունը բժշկական օգնության կարիք ունեցող Աշոտյանին պետք է ուղեկցեր ատամնաբուժարան, մինչդեռ ոստիկանությունն իր գործառույթները չի կատարել։
«Տնային կալանքի տակ գտնվող անձինք, ինչպես և ցանկացած այլ քաղաքացի, այդ թվում՝ կալանավորները, իրավունք ունեն ստանալու որակյալ բժշկական օգնություն։ Բայց այս դեպքում անձին չի թույլատրվում ինքնուրույն մեկնել հիվանդանոց։ Խոսքը շտապ դեպքերի մասին չէ, այլ ընթացիկ խնդիրների։ Չկա մեխանիզմ, պետական մարմին, որ դրա համար պատասխանատու է։ Դատարանը գրում է ոստիկանությանը, իսկ ոստիկանությունը չի էլ պատասխանում դատարանին, այսինքն՝ ոստիկանությունը փաստացի հրաժարվել է այդ գործառույթը կատարել։ Կատարող չկա։ Այս պայմաններում տնային կալանքը դառնում է անմարդկային, արդեն խոշտանգում է մարդու նկատմամբ»- դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց, որ նույն դատավորի վարույթում կան քրեական գործեր, նմանօրինակ պայմաններում անձի խափանման միջոցը փոխվում է, օրինակ՝ տնային կալանքը փոխարինվում է վարչական հսկողությամբ, իսկ Արմեն Աշոտյանի դեպքում դա չի կիրառվում, քանի որ գործ ունեն քաղաքական հետապնդման հետ։
«Աննորմալ վիճակ է, մարդը վատ է զգում, մենք սպասում ենք գառնու միլպետի պատասխանին։ Կարող է՝ էդ մարդը չի հարգում հակակոռուպցիոն դատարանին ու չի պատասխանում, մարդը պետք է տանջվի՞։ Հնարավոր է՝ մենք այլ ատյանների դիմենք, քանի որ սա կլասիկ առողջապահական իրավունքի խախտում է»,– ընդգծեց Աթանեսյանը։