2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով լրացուցիչ վարձատրության նպատակով հատկացվող միջոցները կկազմեն մոտ 4.6 մլրդ դրամ։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ ՏԻգրան Խաչատրյանը և վստահեցրեց, որ երկրորդ կիսամյակում դրամական խրարխուսում տալու համար հաշվի կառնվի թե առաջին կիսամյակում այդ գումարները ստացող պետական պաշտոնյաներն ինչպես են այն օգտագործել իրենց կրթության նպատակով։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ինչքան էլ ծանր քննադատության են ենթարկվում լրացուցիչ վարձատրության համար, բայց պետականության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն քայլ են անում, որը տեղավորվում է պետության հարատևության իրենց օրակարգի մեջ։
«Մենք նաև փորձով համոզվել ենք, որ այս համակարգը առաջին հերթին արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին և ընդհանրապես մեր պետական ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը։
Այս համակարգը ես կարևոր եմ համարում հակակոռուպցիոն քաղաքականության տեսակետից, էլի ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո, մենք կոռուպցիայի ընկալման համաթվերում շատ մեծ առաջընթաց արձանագրեցինք, բայց մի X պահի և այսօր էլ որոշակի լճացում կա, և ես կարծում եմ, որ մենք պետք է մեր երկրում հակակոռուպցիոն ստանդարտները ավելի խստացնենք, ավելի բարձր ստանդարտներ սահմանենք, և այս որոշումը տեղավորվում է նաև այդ տրամաբանության մեջ։
Հաջորդը, մեզ հարկավոր է սեփական աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա, ով, ով առավելագույն ջանք է գործադրում իր առջև դրված խնդիրները լուծելու համար։ Այստեղ կարևոր հանգամանք է նաև, որ մենք խթանում ենք պետական պաշտոնյաների կրթական մակարդակի շարունակական բարձրացումը։ Սա ըստ էության նաև ներդրում է շատ կարևոր մեր կրթական համակարգի հետագա զարգացմանը, որովհետև ես այսօր արդեն տեսնում եմ և զգում եմ, որ մեր կրթական շուկայում արդեն նոր ծառայություններ են ձևավորվում, նոր առաջարկներ են անում, ինչը իր իր հերթին բերելու է տնտեսական լրացուցիչ էֆեկտի։
Մենք պետք է այս գործընթացի և այս բարեփոխման արդյունքում պետական համակարգում ծառայության անցնելու ավելի բարձր ստանդարտ սահմանենք։ Այս փուլում մենք ծառայության մեջ գտնվողներին խթանում ենք, որպեսզի մենք մեր վրա աշխատենք, հնարավորինս ավելի բարձր բարձր որակավորումներ ունենանք, բայց մի իքս պահի մենք պետք է արձանագրենք, որ որակավորման ստանդարտը, որով մարդը կարող է մտնել պետական ծառայության, էականորեն պետք է փոխվի»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ պետք է բացառել այն իրավիճակը, երբ մարդը պետական համակարգում անցնում է աշխատանքի, քանի որ ավելի մրցունակ հատվածում պարզապես չի կարող աշխատանք գտնել. «Ես ուզում եմ մենք հաշիվ տանք, որ սրանից տուժում է պետությունը և հանրությունը։ Նախորդ տարվա մեր արդյունքները և ցուցանիշները մեզ ևս մեկ անգամ գալիս են համոզելու, որ այս ուղղությամբ ներդրումները իրենք բերում են լրացուցիչ արդյունքներ։ Այդ լրացուցիչ արդյունքը առողջության ապահովագրության համակարգն է, կենսաթոշակները բարձրացնելու հնարավորությունն է, կրթության, գիտության ոլորտում, պաշտպանության ոլորտում, մեր ունեցած ձեռքբերումներն են, և այդ լրացուցիչ արդյունքը ինքը խաղաղությունն է»,–ասաց վարչապետը։




































