Ինչո՞ւ որոշվեց աշխատավարձերը բարձրացնել ընտրություններից անմիջապես առաջ. Երևանի քաղաքապետը պատասխանել է ընդդիմությանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 12-ին կայացած ավագանու նիստի ժամանակ արձագանքել է ընդդիմության այն ակնարկներին, թե մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվում են անմիջապես խորհրդարանական ընտրություններից առաջ։

Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ քաղաքապետարանը մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 15-31%-ով բարձրացրել է դեռևս 2024 թվականին։ «Այդ տարին նախընտրական էր՞։ Կարծես թե՝ ոչ»,- ասել է Ավինյանը։ Քաղաքապետը նաև հիշեցրել է, որ 2025 թվականին գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են 15%-ով, իսկ երաժշտական, գեղարվեստի, ինչպես նաև մշակութային և մարզական դպրոցների աշխատակիցներինը՝ 30%-ով։

«2025 թվականին բարձրացվել են նաև թանգարանների և թատրոնների աշխատակիցների աշխատավարձերը։ Ինչո՞ւ ենք հիմա անում, որովհետև կառավարությունը շատ կարևոր որոշում է կայացրել առողջապահական ապահովագրության վերաբերյալ ու նոր ծրագիր է անում։ Աշխատավարձերի բարձրացումը մեզ թույլ է տալիս մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 200.000 դրամի շեմն անցկացնել ու նրանց նույնպես ներառել առողջապահական ապահովագրության շրջանակում։ Տրամաբանությունը պարզ է», — հայտարարել է քաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքապետարանը նաև ավելացնում է աշխատակիցների եկամուտները։

«Երևանի քաղաքապետարանը եռապատկել է սեփական եկամուտները։ Դրա հաշվին ենք մենք այս աշխատավարձերը կարողանում բարձրացնել»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը, ով որոշել է ընտրություններից մեկ ամիս առաջ բարձրացնել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031