Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է, մենք աղքատ ենք նույնիսկ Միջին Ասիայի երկրներից. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ 50%-ով ավելի լավ ենք ապրում պնդումների մասին

Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է՝ ըստ աղքատության ցուցանիշի, մենք աղքատ ենք նույնիսկ Միջին Ասիայի երկրներից, ԱՊՀ երկրների դեպքում ևս աղքատության ավելի բարձր ցուցանիշ ունենք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նշենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ էր հանդես եկել, որում մասնավորապես պնդել էր, թե մարդիկ 50 տոկոսով ավելի լավ են ապրում։

«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային։ Հուլիսի 27-ին միայն Սեւանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երևանից եւ 9 մարզերից։ Ընտանիքով Սեւանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում»,- ասել էր Փաշինյանը։

Ի պատասխան Փաշինյանի այս պնդումների՝ տնտեսագետը նշեց, որ առհասարակ մեկ-երկու օրվա ցուցանիշներով չի կարելի տնտեսական իրավիճակի կամ կենսամակարդակի վերաբերյալ դատողություններ անել։

«Սովորաբար այս ամիսներին կամ այս օրերին հայաստանցիներից շատերը հանգստանում են Սևանում, ինչպես նաև օտարերկրացիներ, որոնք գալիս են Հայաստան, մի քանի օրով գնում են դեպի Սևան, հանգստանում են, կազմակերպում են հանգիստը։ Դա սովորական երևույթ է Հայաստանի զբոսաշրջության այս փուլի առումով։ Սևանի պարագայում հյուրանոցները, լողափերը հիմնականում աշխատում են տարվա մեջ երկու ամիս։ Խոսքը վերաբերում է հուլիս-օգոստոս ամիսներին, մնացած ժամանակ հիմնականում պարապուրդի մեջ են և պետք է գումար աշխատեն, որ ամբողջ տարվա ծախսերը հոգան»,- ասաց նա։

Ըստ տնտեսագետի՝ բարեկեցության ցուցանիշներին անդրադառնալիս մի քանի այսպես կարևոր ինդեքսներ կան, որոնք պետք է դիտարկել, օրինակ՝ աղքատության ցուցանիշը։
Նա տեղեկացրեց, որ վերջին՝ 2023 թվականի պաշտոնական վիճակագրությամբ, Հայաստանում աղքատությունը կազմում է 23.7%, ծայրահեղ աղքատությունը՝ մոտ 1.2%։ Վերջին յոթ տարիների ընթացքում աղքատության ցուցանիշը կրճատվել է ընդամենը 4-ից 5% և 50%-ով նույն աղքատների թիվը չի կրճատվել Հայաստանում։

«Եթե նայում ենք, օրինակ, աշխատավարձի աճին, այո, մենք ունեցել ենք վերջին տարիներին անվանական աշխատավարձերի աճ։ Աշխատավարձի աճը նաև ուղեկցվել է որոշակի գնաճով, սակայն նույն այս տարվա ընթացքում, օրինակ, սննդամթերքի մասով մենք ունենք երկնիշ գնաճ։ Այն մարդիկ, որոնք աղքատ են կամ ցածր եկամուտ են ստանում, իրենց եկամուտի մեծ մասը ծախսում են բանջարեղեն, միրգ գնելու համար, որոնց գները երկնիշ աճել են։

Այսինքն՝ մենք չենք կարող զուտ մեկ կամ երկու օրվա այսպես զբոսաշրջության ակտիվությամբ գնահատական տանք ամբողջ երկրի կենսամակարդակի վերաբերյալ»,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետն արձանագրեց՝ Հայաստանն իր աղքատության ցուցանիշներով տարածաշրջանում ամենաաղքատ երկիրն է։ «Մենք աղքատ ենք նույնիսկ Միջին Ասիայի երկրներից։ Ներկայումս աղքատության ցուցանիշով մենք կարող ենք նույնիսկ մի փոքր գերազանցել Ուկրաինայի պարագայում, մնացած ԱՊՀ երկրների դեպքում ևս աղքատության ավելի բարձր ցուցանիշ ունենք։ Հետևաբար խոսել թռիչքաձև զարգացման, կենսամակարդակի փոփոխության մասին, կարծում եմ՝ իմաստ չունի»,- ասաց Պարսյանը։

Բացի այդ՝ նա նկատեց, որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է վարկերի քանակը։ «Այսինքն՝ մարդկանց վարկերն ավելի արագ են աճում, քան եկամուտները, ինչը վկայում է այն մասին, որ մարդկանց կենսամակարդակը կարող է արտաքուստ լավանալ, բայց իրականում դա հիմնականում պայմանավորված է լինում վարկերի ծավալների աճով, որը ինչ-որ մի փուլում բերելու է նրանց կենսամակարդակի կամ սոցիալական խնդիրների սրացման»,-ընդգծեց նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031