«Զանգեզուրի միջանցք» տերմինը Մոսկվան չի կիրառում, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Լրագրողը նախ նշել էր, թե «հայկական կողմից հակասական հայտարարություններ են հնչում «Զանգեզուրի միջանցքի» ապագա ռեժիմի մասին․ Երևանն ասում է, որ երթուղու անվտանգությունը պետք է ապահովի հայկական կողմը, և մերժում է եռակողմ հայտարարության ցանկացած հղում»։
Ընդգծելով, թե այս հայտարարությունները հնչում են «Իրան-Հայաստան պետական սահմանի պահպանությունը ռուս սահմանապահներից հայկական կողմին փոխանցելու» հայտարարությունների ֆոնին՝ լրագրողը հետաքրքրվել էր Զախարովայից, թե ինչպիսի՞ն է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքում» անվտանգության ապահովման հարցում։
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և ևս մեկ անգամ հիշեցնել՝ մենք չենք օգտագործում ձեր ասած տերմինը։ Իսկ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցը բոլորվին այլ թեմա է։ Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական դիրքորոշմանը, ապա այն չի փոխվել և լուծվում է համապատասխան ձևաչափերով։ Մենք անում ենք դրա համար հնարավորը», — եզրափակել է Զախարովան։
Թեև Զախարովն երեկ կրկին պնդել է, թե Մոսկվան «Զանգեզուրի» միջանցք եզրույթը չի կիրառում, սակայն հոկտեմբերի 8-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումներից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահը կես ժամ տևած հանդիպումներում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է քննարկել։
Պաշտոնական Մոսկվան ավելի վաղ պնդել էր, թե իրենք խոսում են ոչ թե միջանցքի, այլ Ադրբեջանի արևմտյան շրջանները Սյունիքով Նախիջևանին կապելու ճանապարհի մասին։