Եթովպիայի հարավում առնվազն 107 մարդ է մահացել ուժեղ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից եւ սողանքներից, հաղորդել է «Addis Standard» թերթը՝ հղում կատարելով տեղի պաշտոնյաներին։
«Գամո շրջանում տեղի ունեցած ավերիչ սողանքների եւ հեղեղումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 107-ի», նշել է թերթը։ «Որոնողական խմբերը շարունակում են մարմինների որոնումները»։
Տեղատարափ անձրեւները, որոնք հանգեցրել են հեղեղումների եւ սողանքների, հարվածել են Եթովպիայի հարավին մարտի 9-ի գիշերվանից մինչեւ մարտի 11-ի վաղ առավոտը։ Տեղի պաշտոնյաների խոսքով՝ տեղատարափ անձրեւները նաեւ լուրջ վնաս են հասցրել ենթակառուցվածքին։ Տարածաշրջանում բազմաթիվ ճանապարհներ հեղեղվել եւ փակվել են՝ խաթարելով հասարակական տրանսպորտի երթեւեկությունը եւ զգալիորեն բարդացնելով տուժածներին օգնություն ցուցաբերելու ջանքերը։
Մի քանի օր առաջ հարեւան Քենիայում տեղի ունեցած հեղեղումները, որոնք նույնպես առաջացել էին ուժեղ անձրեւներից, խլել էին առնվազն 50 մարդու կյանք։ Բացի այդ, առնվազն 2 600 ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները։





































