Անահիտ Մանասյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում՝ ԵԽ կողմից կազմակերպված բարձրաստիճան համաժողովում

Ստրասբուրգում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 12-13-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովին, որտեղ հիմնական ելույթով է հանդես եկել՝ խոսքի ազատության մարտահրավերներին և ատելության խոսքի կանխարգելմանն առնչվող թեմայով։

Նիստը մոդերացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Դիանա Կովաչևան։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Օդնի Մյոլ Առնարդոտտիրը և Նիդերլանդների մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ռիկ Լոուսոնը։

Բացման խոսքով հանդես են եկել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ, Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Լուիզ Հոլքը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղար Մարիալենա Ցիրլին։

Անահիտ Մանասյանի գլխավորած պատվիրակության կազմում համաժողովին՝ որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչ, մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը ներկայացնող Տիգրան Մանուկյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս բարձրաստիճան համաժողովին և ելույթ ունենալ խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող թեմայով։ Սա ոլորտ է, որն առանձնահատուկ կարևորություն ունի իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, ոլորտ է, որի համատեքստում առկա մարտահրավերները բազմաթիվ են ժամանակակից աշխարհում», – նշել է Անահիտ Մանասյանը։

Ելույթում Պաշտպանն ընդգծել է խոսքի ազատության, լրագրողների անվտանգության երաշխիքների կարևորությունը, անդրադարձել խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին՝ ատելության, խտրական խոսքի տարածման աննախադեպ ծավալներին, որոնք առավել ընդգծված են տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և քաղաքական տարատեսակ գործընթացների համատեքստում։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է Եվրոպայի խորհրդի մարմինների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը՝ խոսքի ազատության ոլորտում չափորոշիչների սահմանման տեսանկյունից՝ խոսելով ՀՀ ՄԻՊ հաստատության համար նշված դիրքորոշումների կարևորության մասին։

«Մեր երկրում, ինչպես մի շարք այլ երկրներում, խտրական խոսքի տարածումը չափազանց լուրջ տարածում ունի։ Ընդ որում՝ նման խոսքի լայն ծավալների կարելի է հանդիպել ազգային կամ էթնիկ ծագման, հաշմանդամություն ունենալու հանգամանքի, կրոնական համոզմունքների, գենդերային հավասարությանն առնչվող հարցերի և մի շարք այլ հիմքերով։ Այս ամբողջ ոլորտը հաճախ գործիքայնացվում է քաղաքական դերակատարների կողմից՝ այդ թվում՝ ոլորտին առնչվող լայն ապատեղեկատվական արշավների միջոցով»,- նշել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը ներկայացրել է նաև կոնկրետ օրինակներ՝ վերաբերելի տարբեր դերակատարների կողմից կանանց և երեխաների պաշտպանության մեխանիզմների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների և այլ խմբերի նկատմամբ խտրական խոսքի և ապատեղեկատվության տարածմանը։ Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև նշված ոլորտում գործունեություն ծավալող Մարդու իրավունքների պաշտպանների և իրավապաշտպանների թիրախավորման վտանգավոր ծավալները ժամանակակից աշխարհում։

Պաշտպանը կարևորել է պաշտոնատար անձանց, մասնագիտական, ակադեմիական համայնքների ներկայացուցիչների կարգապահական պատասխանատվության մեխանիզմների պատշաճ կիրառման կարևորությունը խոսքի նման տեսակները կանխարգելելու տեսանկյունից՝ միևնույն ժամանակ հատուկ ընդգծելով, որ ատելության խոսքի ու արգելված խոսքի այլ տեսակների համար քրեական պատասխանատվության կառուցակարգերը չպետք է չարաշահվեն։

Ամփոփելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ նշված խնդիրների հաղթահարման համար անհրաժեշտ են հայեցակարգային բարեփոխումներ՝ հատուկ ընդգծելով բոլոր դերակատարների աշխարհայացքի և մտածողության, ինչպես նաև մարդու իրավունքների կրթության և իրավակիրառ պրակտիկայի ամբողջական բարեփոխումների կարևորությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031