Հայտնի մի անեկդոտ կա, երբ աղջկա ձեռքը խնդրող տղան ապագա աներոջ՝ «ի՞նչ ունես-չունես, ո՞վ ես» հարցին պատասխանում է․ «Տուն, ամառանոց, մեքենա, գործարան որ ունենամ, լա՞վ է»։ Հարսանիքից հետո աղջկա հայրը, թե՝ բա ուր է տունը, ամառանոցը, մեքենան, գործարանը։ Փեսան էլ, թե՝ ես չեմ ասել ունեմ, ասել եմ, որ ունենամ, լա՞վ է։
Գրեթե այս նույն տրամաբանությամբ Գյումրու ավագանուն աղբի վերամշակման և աղբահանության նոր տարբերակն առաջարկեց «Արմ Գրին Վորլդ Գ» ՍՊԸ-ն։ Հայաստանում վերջերս հիմնված այս ընկերությունը Իրանի Քիշ քաղաքում գործունեություն ծավալող մեկ այլ ընկերության դուստր ձեռնարկությունն է։
Պատասխանատուն ասաց՝ Գյումրու թափոնների համալիր կառավարման, տեսակավորման, վերամշակման և սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման ծրագիր ունեն։
Լաերտ Գևորգյանը վստահեցրեց՝ իրենց ծրագրի իրականացմամբ Գյումրիում ծխացող աղբանոց չի լինի, 20 նոր աշխատատեղ կստեղծեն, կոմունալ բաժնի աշխատակիցներին իրենց մոտ աշխատանքի կընդունեն, մայթերին հատուկ արկղեր կդնեն, որ գյումրեցին իր տեսակավորած աղբը նետի, տեղում էլ քարտին իր գումարը ստանա։ Սա մի պահ հիշեցրեց մեծ շուքով ընդունված և անձայն անհետացած Գյումրիում թռչող տրամվայներ ունենալու նախագիծը։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը նկատեց՝ ժամանակին ներկայացված նմանատիպ բազմաթիվ ծրագրերից մեկով անգամ նախատեսվում էր աղբի վերամշակման արդյունքում ստանալ գունավոր սալիկներ, անգամ Գյումրու կենտրոնական հատվածները հենց այդ գունավոր սալիկներով սալիկապատել և այլն։
Զեկուցողին ավագանու մյուս խմբակցությունների ներկայացուցիչները ևս հիշեցրին, որ Գյումրու ավագանին իր գործունեության գրեթե բոլոր տարիներին աղբի վերամշակման ու գործարանի կառուցման բազմաթիվ նախագծեր է ընդունել ու ճանապարհել։ Որպես հետևանք այսօր գյումրեցու առողջությունը վտանգված է ամեն օր ծխացող քաղաքային աղբավայրի պատճառով։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս նախագծին ձեռնպահ քվեարկեց:
«Հայկական ժամանակ»-ի՝ «դուք գրեթե ամեն օր խոսում եք քաղաքային ծխացող աղբավայրի խնդրի և լուծումներ գտնելու մասին, ինչո՞ւ կողմ չեղաք նախագծին» հարցին՝ Արամյանը պատասխանեց՝ բազմաթիվ մտահոգիչ հարցերի պատասխանները չստացան, նաև Գյումրու հիմնախնդիրը՝ քաղաքային աղբանոցի կոնսերվացումը չէր դիտարկված առաջնային։
«Շատ մոտավոր ծրագիր է, որի մեջ բացակայում է Գյումրու ներկայիս աղբավայրի խնդրի լուծումը։ Այդ տարածքն ամենօրյա ռեժիմով հրդեհվում ու անընդհատ ծուխ է արձակում, վտանգում գյումրեցիների առողջությունն ու բազմաթիվ անհարմարություններ ստեղծում։ Հատկապես Մուշ և Անի թաղամասերի բնակիչները տարվա ոչ մի եղանակի չեն կարող պատուհան բացել կամ իրենց շենքերի բակերում հանգստանալ։ Անընդհատ ծուխ ու գարշահոտություն է տարածվում, ինչի մասին գրեթե ամեն օր ահազանգում եմ։ Այս հարցն էր, որ պետք է ամենասկզբում նկատի ունենային, նաև քաղաքային իշխանությունը պետք է սա շեշտադրեր, որովհետև այս պահին մեր խնդիրը ծխացող, թունավոր աղբավայրից ազատվելն է»,- ասաց Արամյանը։
Լաերտ Գևորգյանն էլ վստահեցրեց, որ օրենքով պահանջվող թույլտվություններն ունեն, փորձաքննություններ են անցել, իրենց առաջարկած աղբի վերամշակման գործարանը համապատասխանեցված է աշխարհում ներկա պահին գործող բոլոր չափանիշներին, չի ունենա թունավոր գազերի արտանետումներ։
«Գործարանի կառուցման ընթացքում կանցնի նաև ՇՄԱԳ, մենք պատրաստ ենք, որևէ կաշկանդվելու բան չունենք էդ առումով։ Գյումրու աղբավայրն էլ ուսումնասիրել ենք, դա պետք է կոնսերվացվի, մոտ 100 տարվա աղբ է կուտակված»,- ասաց նոր նախագծի հեղինակը։
Ընկերությունը աղբամաններից աղբը տեղափոխելու է աղբի վերամշակման նոր գործարան, որտեղ տեսակավորվելու է։
«Մեր քաղաքը» խմբակցության քարտուղար Կարեն Գրիգորյանին հետաքրքրում էր, թե ֆորս մաժորային իրավիճակի դեպքում ինչ է լինելու ծրագրի ճակատագիրը։
Պատասխանատուն այս հարցի պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ եթե Իրանի ներկայիս քաղաքական վիճակով են մտահոգ, անհանգստանալու կարիք չկա։ Իրանում գործող ընկերության դուստր-ձեռնարկության ղեկավարը վստահեցրեց՝ քանի որ իր ընկերությունը ստեղծված է Հայաստանում, պատասխանատվություն է կրում միայն ՀՀ օրենքներով և միայն Հայաստանի Հանրապետությունում ֆորս մաժորային իրավիճակների համար։
Լաերտ Գևորգյանը նաև առաջարկություն ուներ Գյումրու ավագանու բոլոր խմբակցություններին։ Ասաց՝ խումբ կազմեն, գնան Իրանի Քիշ քաղաք, որպեսզի տեղում տեսնեն այն, ինչի մասին պատմում է, նաև համոզվեն, որ իր նախագիծն իրատեսական է և հնարավոր է իրականացնել։ Բայց մինչ այդ անհրաժեշտ էր, որ ավագանին նախագիծը մեկնարկելու դրական եզրակացություն տար։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ ձեռնպահ, մյուսները կողմ եղան մի նախագծի, որի հաջողությանն այս պահին անվերապահորեն հավատում է, հավանաբար, միայն դրա հեղինակը։






































