Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է Իրանից արձակված և թուրքական օդային տարածք մտած բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին լուրերը:
«Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար բանակցություններ են ընթանում համապատասխան երկրի հետ։ Տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները խնամքով դիտարկվում և գնահատվում են մեր ազգային անվտանգության առաջնահերթությամբ»,-նշվում է Թուրքիայի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Նախարարությունը նաև ընդգծել է, որ Թուրքիայի տարածքին և օդային տարածքին սպառնացող ցանկացած սպառնալիքի դեմ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են վճռականորեն և առանց վարանելու, և այդպես կլինի նաև այսուհետ:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, հղում անելով Պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էին, որ այս գիշեր Ինջիրլիք ավիաբազայում տագնապի ռեժիմ է հայտարարվել, իսկ Բաթմանի օդանավակայանի տարածքից ազդանշաններ են լսվում: Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր կիսվել են երկնքում շարժվող օբյեկտի կադրերով, որոնք, ինչպես պնդում են, հետագայում ոչնչացվել են:






































