ԱՄՆ բանակի փոխգնդապետ Ջեֆրի Ֆրիցն առաջարկել է Ռուսաստանից գնել Կոմանդորյան կղզիները՝ Արկտիկական տարածաշրջանում Չինաստանի գործունեությունը վերահսկելու համար։ Նա այդ գաղափարը ներկայացրել է Breaking Defense-ի համար հրապարակված հոդվածում։
«Առաջարկ Միացյալ Նահանգներին. Ռուսաստանի Դաշնությունից 15 միլիարդ դոլարով գնել Կոմանդորյան կղզիները՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ներթափանցելու փորձերի ժամանակ Չինաստանի հնարավոր ստորջրյա ակտիվությունը վերահսկելու նպատակով», — գրել է Ֆրիցը։
Նա կարծում է, որ նման գործարքը «կամրապնդի Միացյալ Նահանգների անվտանգությունը» և «կհաստատի ամերիկյան առաջատարությունը» Արկտիկայում։ Նրա խոսքով՝ Ալյասկայի գնումը ժամանակին համարվում էր անօգուտ, բայց այսօր այն ամերիկյան էներգետիկ և պաշտպանական ռազմավարության հիմնական տարրն է:
Ֆրիցը մտահոգություն է հայտնել Արկտիկայում չինական ակտիվության աճի, տարածաշրջանում «Բևեռային մետաքսի ճանապարհ» ծովային առևտրային երթուղու նախագծի շրջանակներում ներդրումների վերաբերյալ։
Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի միջև ծովային խաչմերուկում գտնվող Կոմանդորյան կղզիները ձեռք են բերում աճող աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ արկտիկական նավագնացության ուղիները ընդլայնվում են, և տարածաշրջանային տերությունները, այդ թվում՝ Չինաստանը, ավելի ու ավելի են ձգտում շահագործել Արկտիկան։
Կոմանդորյան կղզիների հիմնական երկրաֆիզիկական առավելություններից մեկը սառցե ծածկույթի համեմատաբար ցածր մակարդակն է։ Այս առանձնահատկությունն ունի ռազմավարական նշանակություն. սառցե զանգվածները կարող են ցրել կամ կլանել ստորջրյա ակուստիկ ազդանշանները՝ նվազեցնելով հայտնաբերման ճշգրտությունը։ Ավելի բարակ սառցե շերտը Կոմադորյան կղզիների տարածքում ստեղծում է ավելի կայուն ակուստիկ պայմաններ, ինչը դրանք դարձնում է օպտիմալ վայր շարունակական և բարձր ճշգրտության ստորջրյա մոնիթորինգի համար։