Երբ եվրոպան նայում է Հայաստանին, մենք տեսնում ենք ընկեր, բարեկամ, և հույս ունեմ, երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, դուք էլ տեսնում եք գործընկերոջ և դաշնակցի։ Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ իր խոսքում նշեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Նա, մասնավորապես, նշեց. «Ձեր առաջնորդությամբ, հարգելի պարոն վարչապետ, շատ մեծ նվաճումներ են եղել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ՝ հոկտեմբերին Կոպենհագենյան մեր ժողովից ի վեր։ Դեկտեմբերին Եվրոպական Միությունը և Հայաստանը համաձայնեցրեցին ռազմավարական նոր օրակարգ Եվրամիություն-Հայաստան գործընկերության շրջանակում։ Այս քայլը մեր հարաբերություններում կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունը և կխորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը։
Մենք նաև ողջունում ենք այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր է ներկայացվել։ Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին, և ես շատ վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ ձեր երկիրը ԵՄ–ին ավելի մոտ բերելու հարցում։
Այս ոգով անհամբեր սպասում ենք մեր քննարկումները շարունակելուն, ինչը կլինի հաջորդ շաբաթ ԵՄ–Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում, որին մենք լիահույս սպասում ենք և նույն չափ անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի ժողովին մասնակցելուն, որի առթիվ ես Երևանում կլինեմ։
Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիներին տարհանմանը»։






































