Բանակը ՀՀ-ի համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք: Այս մասին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցություն ունենք Եվրամիության երկրների հետ, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ, Եվրամիության խաղաղության գործիքի միջոցով արդեն 2 անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական Միությունից, համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում: Վերջերս՝ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք Եվրամիության հետ համագործակցությունը ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք:
Ընդհանրապես՝ անվտանգություն ասելով հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ: Մենք 30 տարի այս ընկալման մեջ ենք եղել, հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ՝ հետևյալն է, Հայաստանում շատ է խոսվում անվտանգության երաշխիքի մասին, ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է:
Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը, երկրորդ շերտի երաշխիքը համագործակցությունն է ու փոխշահավետությունը: Այնուամենայնիվ՝ հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է ու յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը, անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ՝ ռազմականից դառնալով քաղաքական և դիվանագիտական, մենք շեշտը պետք է դնենք այս տրամաբանության վրա»,- նշել է նա:






































