Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում մեկ ընդհանրություն կար. Դա այն է, որ շատ ուժեղ հանձնառություն կա խորացնելու Եվրոպական Միության հետ կապերը, մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը խորհրդարանների միջև: Այս մասին այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
«Մեր պարագայում կա քաղաքական երկխոսություն, բայց ավելին նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը: Հայաստանի հետ մեր հարաբերությունները էապես ավելացել են, մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այստեղ:
Սա ընդամենը առաջին քայլն է մեր մանդատի շրջանակում: Մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա, նաև Եվրամիություն–Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին, Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ»,–ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք Եվրոպական խորհրդարանը նախատեսում է որևէ հնարավորություն ընդլայնելու տեղում իր ներկայությունը, որպեսզի խորացնի հարաբերությունները բոլոր քաղաքական կուսակցությունների հետ և աջակցի ներառական երկխոսությանը բոլոր կուսակցությունների հետ, Մեցոլան պատասխանեց. «Ինչ վերաբերում է տեղում մեր ներկայությանը, այս որոշումները մենք կայացնում ենք Եվրոպական խորհրդարանի բյուրոյում։ Մի քանի ամիս առաջ մենք որոշում կայացրեցինք Մոլդովայում գրասենյակ բացել, նախ անցյալ նոյեմբերին, որը պետք է ամբողջ արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում նաև Հայաստանն ընդգրկի։ Մենք այս առումով հաստատում ենք մեր լիարժեք հանձնառությունը արվելու գործընկերության մեր բոլոր բարեկամներին»։






































