Մեծ պատիվ է ինձ համար հյուրընկալվել այստեղ ձեր կողմից, ինչպես դուք նշեցիք ժողովրդավարության տանը, մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարության տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում, համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հայտարարության ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես նշեց. «Իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ–ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը, և այսօրվա իմ ելույթում ես նաև հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացա նախորդ երկուսուկես տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել։
Ամենակարևոր բանն այն է, որ 2025 թվականին ընդունվեց և ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության ԵՄ անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և ԵՄ–ի հարաբերություններում, և դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական, ժողովրդական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»։






































