Անհրաժեշտ է վերանայել ոսկու և թանկարժեք քարերի հետ կապված գործարքների հարկման կանոնները։ Այս մասին ապրիլի 8-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Օրենսդրական նախաձեռնության շրջանակում նախատեսվում է սահմանել հատուկ նորմեր։ Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ոսկու և թանկարժեք քարերի վաճառքն ազատված է ԱԱՀ-ից, սակայն հիշյալ նյութերից պատրաստված զարդերի իրացումը հարկվում է այս հարկատեսակով։ «Ընդ որում, օգտագործվող ոսկու և քարերի արժեքը հաճախ կազմում է այս կամ այն իրի գնի հիմնական մասը։ Խնդիրն այն է, որ երբ ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները գերազանցում են տարեկան 115 մլն դրամի ԱԱՀ-ի շեմը, ԱԱՀ-ով հարկվող ապրանքների գինը կտրուկ աճում է, ինչը դրանք ոչ մրցունակ է դարձնում շուկայում։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Խնդիրը նաև նրանում է, որ ոսկին, որպես յուրահատուկ ապրանք, արժեքի ստեղծման շղթայի յուրաքանչյուր օղակով անցնելիս նորից չի ստեղծվում, այլ պարզապես մի ձևից փոխակերպվում է մյուսի՝ իր արժեքը փոխանցելով հաջորդական օղակներին։ Այլ կերպ ասած՝ ոսկյա ձուլակտորից զարդերի պատրաստման փուլում ոսկու արժեքը չի համարվում «նոր ստեղծված արժեք»։ Հետևաբար, այս տեսանկյունից ոսկու հարկումը ԱԱՀ-ով խնդրահարույց է, իսկ մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացմանը՝ դրանով իսկ խոչընդոտելով Հայաստանում ոսկերչական արդյունաբերության զարգացմանը։ Ոսկին եզակի հումք է, քանի որ դրա արժեքը պահպանվում է յուրաքանչյուր մշակման ժամանակ։ Հետևաբար, դրա հարկումը ԱԱՀ-ով ամեն անգամ, երբ այն անցնում է արժեքի ստեղծման շղթայի օղակներով, գործնականում կնշանակեր բազմակի հարկում ԱԱՀ-ով, ինչը ողջամիտ չէ»,- պարզաբանել է Պողոսյանը։
Այս համատեքստում Հայաստանի իշխանություններն առաջարկել են սահմանել հարկման երկու առանձին արտոնյալ ռեժիմ՝ արտադրողների և վերավաճառողների համար: Փոխնախարարը համոզմունք է հայտնել, որ փոփոխությունների ընդունմամբ Հայաստանում ոսկերչական իրերի շուկան զգալիորեն կաշխուժանա:
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:






































