Շատ սխալ մոտեցում է, երբ վարչապետը հայտարարում է, որ եթե իրենք չընտրվեն, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Այստեղ առաջ է գալիս շատ հասարակ, էլեմենտար մի վերլուծություն։ Մենք գիտենք, որ պատերազմը հրահրողը Ադրբեջանը պետք է լինի, իսկ Ադրբեջանը ինչի՞ պիտի պատերազմի գնա, իր երիտասարդներին զոհի, ուրեմն ինչ-որ բան պետք է ստանա այդ պատերազմի արդյունքում։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, պատերազմ չի լինում, տրամաբանական է, որ Ադրբեջանը այդ ինչ-որ բանը ստանում է առանց պատերազմի։
Օրինակի համար, այդ ինչ–որ բանը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձն է Հայաստան։ Եթե ես գտնում եմ որ, օրինակ, ադրբեջանցի փախստականների վերադարձը դա Հայաստանի վերջին սկիզբն է որպես պետականություն, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում մենք Հայաստանի վերջին սկզբի առաջին քայլն ենք անում, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվում, այլ ուժեր են ընտրվում, հավանական պատերազմի դեպքում մենք հնարավորություն ենք ունենում վերջին սկիզբը ոտք չդնել։ Հետևաբար տրամաբանությունը ո՞րն է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, տրամաբանություն չկա»,–ասաց նա։
Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ Թրամփի ուղու նպատակն է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել, իսկ Իրանին էլ՝ թուլացնել, մեկուսացնել. «Դա է հիմնական հաշվարկը ԱՄՆ–ի և Եվրոպայի»։
ԱԺ պատգամավորը նաև հայտարարեց, որ Իրանը դիմակայելով ԱՄՆ–ին և Իսրայելին, փրկեց Հայաստանին տարածքային հնարավոր կորուստներից։







































