Ես միշտ աջակցելու եմ նրան․ Ֆլիկը՝ Յամալի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք առաջին հանդիպումից առաջ կիսվել է սպասելիքներով և պաշտպանել թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալին։

Գերմանացի մասնագետը նախ ընդգծել է մրցակցի ուժը, ապա անդրադարձել 18-ամյա իսպանացու պահվածքին: Լա լիգայի շրջանակում նույն «Ատլետիկոյի» դեմ կայացած նախորդ խաղից հետո Յամալը ցուցադրաբար անցել էր Ֆլիկի կողքով և ձեռքերի շարժումներով դժգոհություն հայտնել:

««Մադրիդի «Ատլետիկոն» շատ ուժեղ թիմ է։ Նրանք հիանալի տրամադրվածություն և ինտենսիվություն ունեն, ինչպես նաև ֆանտաստիկ ֆուտբոլիստներ։ Օրերս նրանց մի քանի խաղացողներ հանգստանում էին, բայց փոխարենը խաղադաշտ դուրս եկան բարձրակարգ այլ ֆուտբոլիստներ։ «Ատլետիկոյին» երկու գոլ խփելը հեշտ չէ։ Երկու հանդիպումներում էլ մեծ էմոցիաներ են լինելու։ Մենք կփորձենք վաղը լավ արդյունքի հասնել, բայց հասկանում ենք, որ դեռ պետք է խաղանք նաև Մադրիդում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։

Խոսելով մարտավարության և հնարավոր անակնկալների մասին՝ Ֆլիկը նշել է, որ թիմն ունի իր ուրույն խաղաոճը և պետք է հավատարիմ մնա դրան՝ ճնշում գործադրելով և ազատ տարածություններ գտնելով։ Նրա խոսքով՝ հատուկ անակնկալներ չեն պատրաստել, քանի որ ժամանակը տրամադրել են վերականգնմանն ու մարզումներին, և այժմ կարևոր է մարզումների ժամանակ արված աշխատանքը կիրառել խաղադաշտում։ Նա նաև շեշտել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը թիմի գլխավոր նպատակն է:

Անդրադառնալով Յամալի զայրույթին՝ մարզիչը պաշտպանել է ֆուտբոլիստին. «Ես ամեն ինչ ասել եմ դեռ շաբաթ օրը։ Պետք է հասկանանք, որ Լամինը 18 տարեկան է, և նա անհավանական ֆուտբոլիստ է։ Եթե նորից դիտեք խաղը, կտեսնեք, թե ինչ զարմանալի բաներ է նա անում խաղադաշտում։ Նա շրջանցեց հինգ ֆուտբոլիստի և քիչ մնաց գրավեր դարպասը։ Նա հիասթափված հեռացավ խաղադաշտից. նա էմոցիոնալ է, ինչը լավ է։ Ես միշտ աջակցելու եմ նրան։ Մենք պետք է զգույշ լինենք, չէ՞ որ նրա ոչ բոլոր արարքներն են արվում պարզապես աղմուկ բարձրացնելու համար։ Ես ասել եմ նրան, որ ես միշտ պաշտպանելու եմ իրեն։ Նա հիանալի խաղացող է և ապագայում, հնարավոր է, լավագույնը դառնա»։

Թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Բարսելոնայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930