Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը, ևս մեկ կարևոր առիթ է արժևորելու մեր կանանց դերը և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Հայ կինը ընտանիքի ամուր հիմքն է։ Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքը, ինքնությունն ու արժեքները։
Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր։ Պետք է գնահատենք և մեծարենք նրանց միշտ»,-գրել է նա։
Կոտայքի մարզի կանանց հետ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «Մայրության, գեղեցկության օրը ամենալավ օրն է, ամենացանկալի, երջանիկ օրը, որ ամեն ամիս էլ լինի, ճիշտ կլինի։ Մեր կանայք յուրահատուկ են, աշխարհի բոլոր կանանցից տարբերվում են՝ ամեն ինչ անելով, ստեղծելով։ Հայ կինը ինքը իր մասին չի մտածում, մտածում է ընտանիքի, երեխայի, հարսի, թոռի համար, միշտ տղամարդու պատիվը կինն է բարձր պահում։
Մեր կանայք արժանի են ուշադրության, վերաբերմունքի, ջերմության։ Ցանկացած մարդ, որ տեսնում է կա ուշադրություն, կա վերաբերմունք, պարտավորում է ավելի շատ անել։ Ցանկացած տեղում, որ անում ես, արածը չի գնահատվում, էլ չես ուզում անել։ Ես կանանց ավելի մեծ տեղ եմ տալիս՝ վստահելով այնպիսի պաշտոններ, որոնք պատասխանատու են, որտեղ կանայք ամեն ինչ կանեն տեղը տեղին, ավելի շատ կաշխատեն։ Մենք բոլոր տղամարդկանցով պարտավոր ենք խոնարհվելու, գնահատելու, մեծարելու կնոջը»։
Անդրադառնալով Հիսուսի արձանի կառուցմանը, նա նշել է. «Ինձ հարց տվեցին՝ բա պարոն Ծառուկյան, Հիսուսի արձանը ավարտելուց հետո ի՞նչ արձան կկառուցես։ Ասի՝ հայ կնոջ արձանը կկառուցեմ, թող միայն որոշումը լինի, տեղը տան»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։






































