«Մեկ քայլի» գործիքակազմով մենք չենք կարող փոխել ստեղծված իրավիճակը և կոտրել արդեն ձևավորված համակարգը։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ այդ կերպ հնարավոր չի լինի կոտրել այն մատրիցան, որը ստեղծվել է տասնամյակներ շարունակ և այսօր թույլ չի տալիս որևէ նոր ուժի որևէ ձևով ներկայացված լինել Հայաստանի խորհրդարանում։ «Մեծ թվով մարդիկ պարզապես չեն կարողանում ունենալ իրենց ներկայացուցիչը խորհրդարանում։ Հետևաբար, սա լավագույն տարբերակն էր ստեղծված իրավիճակում», — նշել է Կարապետյանցը։
Խոսելով «Ես դեմ եմ բոլորին» շարժման հետ իրենց ուժերի միավորման մասին՝ նա, մասնավորապես, նշել է. «Պետք է տեղի ունենա սերնդափոխության առողջ գործընթաց։ Ոչ թե այն մարդիկ, ովքեր զբաղմունք չունեն կամ չեն կարողանում ինքնադրսևորվել այլ ոլորտներում, պետք է գան ու մասնակցեն քաղաքական գործընթացներին, այլ նրանք, ովքեր ունեն ամեն ինչ՝ մասնագիտություն, աշխատանք։ Դրանք պետք է լինեն երջանիկ ու ինքնաբավ մարդիկ, որոնց պարզապես չի գոհացնում ստեղծված իրավիճակը։ Հետևաբար, միանգամայն տրամաբանական էր սերունդների համերաշխություն դրսևորելն ու միավորվելը։ Մանավանդ որ «Ես դեմ եմ բոլորին» շարժումն արդեն որպես կուսակցություն է գրանցել։ Ի դեպ, մենք այս ընտրություններին մասնակցելու ենք որոշակի ձևաչափով, ինչից հետո հնարավորություն կստեղծվի շարունակել մեր նախագծերի իրականացումը»։
«Ես դեմ եմ բոլորին» շարժման անդամ Արամ Քոչարյանն իր հերթին հավաստիացրել է, որ իրենք հոգնել են նեղկուսակցական երկպառակություններից։ Անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդունած օրենքին, որով արգելվում է դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը, Քոչարյանը, մասնավորապես, հիշեցրել է 2021 թվականի ընտրությունները։ «2021 թվականի ընտրությունների արդյունքներով միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժերին հաջողվեց հաղթահարել ընտրական շեմը։ Եթե իշխանությունը գործում է ոչ թե ներկուսակցական հաշվեհարդարների, այլ պետականության և ժողովրդավարության զարգացման տրամաբանությամբ, ապա դա պետք է դրսևորվեր գործող Ընտրական օրենսգրքի փոփոխման գործընթացի նախաձեռնությամբ։ Նրանք պետք է հասկանային, որ այն վնասակար է Հայաստանի Հանրապետության համար։ Սակայն իշխանությունները նախըտրեցին մնալ նեղ ներկուսակցական մտածողության շրջանակներում՝ ասելով. «ուրեմն մյուսներն այնքան թույլ են, որ չեն կարողանում հաղթահարել շեմը»»,- պարզաբանել է «Ես դեմ եմ բոլորին» շարժման անդամը։
Նինա Կարապետյանցի կարծիքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա նա կգրանցի միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և դրա հետ կապված ուժերը, որոնք միշտ պատրաստ կլինեն իրենց ձայները փոխանցել Փաշինյանին։ «Մնացածն էլ դուրս կմնան խաղից։ Կոռեկտության սկզբունքից ելնելով՝ նրանք միայն մեկ կուսակցություն կթողնեն։ Բայց ես չեմ ասի, թե ում կորոշեն թողնել «բոբոյի» դերում, որպեսզի հետո հայտարարեն՝ «եթե ոչ մենք, ապա սրանք»»,- ասել է «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիրը։






































