Մեկ է, որքան էլ խոսենք տնտեսական հնարավոր համագործակցության, տարանցիկ փոխադրումների մասին, մշտապես հարց կա՝ որո՞նք են այն երաշխիքները, որ պետք է երաշխավորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Այս մասին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել և չեն գործել, և հաճախ, հետաքրքրաբար կան չակերտավոր խաղաղություններ, որոնք չեն գործել և խախտողները եղել են երաշխավորները: Եկեք խոստովանենք, որ այդ երաշխավորները երաշխավորելիս իրենց շահերին են հետամուտ լինում և դրանք ինչ-որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը:
Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են և մնում են, քանի դեռ այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ-որ պայմանական երաշխավորների։ Եվ ուրեմն, եթե և քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար և շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել»,- նշել է նա:
Միրզոյանը հավելել է, որ ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, խաղաղությունն անամպ է, կլինի մեծ չափազանցություն:
«Ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, ի վերջո այդքան արյուն է հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, մենք դեռ պահվող անձինք ունենք Բաքվում, բանտերում, դեռ կան բազմաթիվ հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում, և այլն: Հոգեբանական մեծ տրավմա, որը շատ հասկանալիորեն հասարակությունն ունի դեռ, բայց ես գոհունակությամբ կարող եմ տեսնել, որ ագրեսիան և միմյանց նկատմամբ թշնամությունը երկու հասարակությունում, երկու երկրների իշխանությունների, նաև ներկայացուցիչների տեքստերում աստիճանաբար նվազում է:
Սա հեշտ ճանապարհ չէ, ոչ ոք չի կարող պնդել, որ հեշտ է, բայց մենք հաստատակամորեն պետք է շարժվենք այս ճանապարհով և մի օր, հուսով եմ, կունենանք վերջնական, այդ թվում նաև հոգեբանական հաշտեցում երկու հասարակությունների միջև»,-նշել է Արտաքին գործերի նախարարը։






































