Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց պետք է արտահայտվի մեր գործողություններով

Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված «Արևային զանգակներ և ընկերներ» դասական համերգին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Համերգի ընթացքում «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության սաները ներկայացրել են երաժշտական կատարումներ՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։

Տեղի են ունեցել նաև «Արևային աչքեր» և «Հայրեր» լուսանկարչական ցուցահանդեսները, ինչպես նաև «Մի հրաժարվիր քո Արևից» և «Տարբեր լինելը թերություն չէ» սոցիալական տեսահոլովակների պրեմիերան։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, մասնավորապես, «Արև-երեխաներ» ՀԿ հիմնադիր Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նվիրումով իրականացվող այս առաքելությունը մարդկանց կյանքեր է փոխում ու կարևոր ներդրում ունենում ներառական հասարակության ձևավորման գործում։

«Աշխարհն այսօր շատ աղմկոտ է, և դա երբեմն հանգեցնում է նրան, որ իրական արժեքները երբեմն աննկատ են մնում: Այդպիսի կարևոր արժեք ու գաղափար է այն, որ բոլորս ունենք բազմաթիվ առանձնահատկություններ, տարբերություններ, ու հենց դրանով էլ աշխարհը կատարյալ է դառնում: Պետք է նկատի ունենանք, որ ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում։

Ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի վարքագիծը լինի այնպիսին, որ ոչ թե պարզապես խոսքերով, այլ իրական գործողություններով նպաստենք հավասար և համերաշխ միջավայրի ձևավորմանը։ Թող այս խորհրդանշական օրը դառնա ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն»,- նշել է Պաշտպանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031