Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի. Կարելի է անվերջ լսել առաջին նախագահի ուղերձներն ու անվերջ ապշահար լինել

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, վերջերս իր «հոգու պարտքն» էր համարել կոչով դիմել ընդդիմությանը՝ համախմբվելու քաղաքական երկնակամարում «փայլող» նոր օլիգարխի՝ Սամվել Կարապետյանի շուրջը։ «Օլիգարխասեր» Տեր-Պետրոսյանի կոչին, ինչպես երևում է, ընդդիմադիր դաշտի մասնավորապես «օլիգարխիկ» կամ մերձօլիգարխիկ, կամ օլիգարխաբույծ հատվածը անհաղորդ է մնացել, ամեն մեկն իր «տապանը», «տրոյական ձին» կամ «մատրյոշկան» սարքելու գործին է՝ ընտրություններին մասնակցելու ոչ թե միասնական ճակատով, այլ՝ ամեն մեկն իր «խոդով»։

Մեծ հավանականությամբ՝ Տեր-Պետրոսյանի ուժն իր վարչապետացուով ինչ-որ հնար կգտնի ու կխցկվի քաղաքական ուժերից մեկի թևի տակ՝ գոնե մեկ մանդատ կորզելու մեծագույն փափագով։ Իսկ նախքան այդ ըղձալի պահը՝ առաջին նախագահի մոլի աջակիցները Ֆեյսբուքում, այսպես ասած, իրազեկման, պարզաբանման «ռեյդ» են սկսել՝ փորձելով հասկացնել «չհասկացածներին», թե ինչ նկատի ուներ իրենց «քաղաքական պատրիարխը»՝ ասելով այս կամ այն բանը, անելով այս կամ այն կոչը։ Ընդդիմության միավորման կոչին կշիռ հաղորդելու համար, նկատենք, տերպետրոսյանական քարոզչաթիմի կարկառուններից մեկը կցել է առաջին նախագահի՝ ավելի քան 30 տարվա վաղեմության վիդեոհարցազրույցից մի հատված, որում Տեր-Պետրոսյանն անդրադառնում է ընդդիմության միավորմանը։ «1995 թվականին, նույնիսկ նախագահի կարգավիճակում, Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ մատնանշում է ընդդիմության բուն խնդիրն ու իշխանությունների դեմ պայքարում միասնական հանդես գալու հրամայականը։ Ես չեմ պատկերացնում, թե Հայաստանում էլ ինչ պիտի լինի, որ ընդդիմադիր ուժերն ու գործիչները մի կողմ թողնեն իրենց անձնական ու կուսակցական շահերն ու ամբիցիաները և հնարավորինս լայն համախմբում ձևավորեն»,- մասնավորապես գրել է ՀԱԿ-ի աջակիցը՝ այսպիսով ակամա ցույց տալով, որ իրենց քաղաքական պատրիարխի խոսքը բանատեղ դնող չկա։

Մեր ուշադրությունը գրավեց այլ բան. մասնավորապես այդ նույն հարցազրույցում Տեր-Պետրոսյանի կողմից արված մեկ այլ դիտարկում, որը վերաբերում է Սահմանադրությանն ու ընտրապայքարի մասնակից հասարակական-քաղաքական ուժերին։ Տեր-Պետրոսյանն այն միտքն է զարգացնում, որ Սահմանադրության ընդունումը ժողովրդին վերապահելով՝ այսպիսով կարևոր խնդիր է լուծվում՝ բացառապես ժողովրդի կամոք են հետագայում դրանում փոփոխություններ կատարվելու՝ համապատասխան փոփոխությունները ԱԺ-ի կողմից հավանության արժանանալու և հանրաքվեի դրվելու տեսքով։ «Եթե Սահմանադրությունն ընդունվեր խորհրդարանի միջոցով, ինչպես առաջարկում էին մեր ընդդիմախոսները, ապա դա կնշանակեր, որ Հայաստանը շարունակ գտնվելու էր սահմանադրական ցնցումների, օրենսդիր և գործադիր իշխանությունների անընդհատ պայքարի մեջ, որովհետև յուրաքանչյուր նոր խորհրդարան փորձելու էր վերաձևել նոր Սահմանադրությունը և հարմարեցնել իր նպատակներին»,-նկատում է Տեր-Պետրոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ Սահմանադրության՝ հանրաքվեի դրվելիք փաստաթուղթը իդեալական չէ, ինչպես բնության մեջ եղած որևէ Սահմանադրություն, չբացառելով, բնական համարելով հետագայում դրանում կատարվելիք փոփոխությունները, ինչպես նաև լիովին նոր Սահմանադրության ընդունումը։ Խնդիրն այն է, որ Տեր-Պետրոսյանը արգահատանքով է խոսում մի պրոցեսի մասին, որն իրագործելու մտադրություն ունի իր դրվատանքին («ինքնաբավ և կայացած» գործիչ, «պառակտված ընդդիմությանը» միավորելու միակ կարող ուժ») արժանացած Սամվել Կարապետյանի թիմը՝ փոփոխել Մայր օրենքի՝ իրենց քաղաքական նպատակների իրագործմանը խանգարող դրույթն ու այն սարքել Կարապետյանի «հագով»։ (Խնդիրն այստեղ այն չէ, թե ինչ եղանակով ընդունված Սահմանադրության մասին է խոսքը՝ հանրաքվեի՞, թե՞ պետական որևէ այլ ինստիտուտի)։ Ենթադրյալ փոփոխությունը, նկատենք, արվելու է ԱԺ-ի կողմից՝ պատգամավորների 2/3-ի նախաձեռնությամբ։ Սա ի՞նչ է, եթե ոչ Սահմանադրությունը «ցնցման ենթարկելու» մտադրություն՝ հանուն մեկ մարդու կապրիզի։ Նույն հաջողությամբ ՀՀ-ում վերջին 20 տարում չապրած, 8 երկրի քաղաքացիություն ունեցող երակներում 42,5 տոկոս հայի արյամբ մեկը կարող է օրերից մի օր «առաքվել» Հայաստան, կուսակցություն բացել, հավակնել երկրիս ղեկավարի պաշտոնին, անցնել խորհրդարան ու այդժամ էլ ի՛ր ճաշակով փոփոխել Տաշիր Սամոյի պլանը «տոռմուզ անող» սահմանադրական դրույթը։ Այն դրույթը, ի դեպ, որին կողմ է քվեարկել սահմանադիրը՝ կողմ լինելով դրա ոգուն և տառին։

Թեև Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը 2015-ին դեմ էր նոր Սահմանադրությանը, այն համարում էր «Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած ավազակախմբի վերարտադրության և իշխանության հավերժացման նպատակով ստեղծված․․․ իշխանության յուրացման նպատակով հերթական պետական հեղաշրջման ծրագիր», միևնուն է՝ այսօր ստիպված ենք հաշվի նստել այդ փաստաթղթի հետ, և դրանով են կարգավորվում ներկայիս Հայաստանի սահմանադրական իրավահարաբերությունները։ Տեր-Պետրոսյանը, փաստորեն, կողմ է, որ Սերժ Սարգսյանի «ավազակախմբի» ներկայացուցիչներից մեկի՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի ռուսաստանցի եղբայրն իր հերթին գա ու «պետական հեղաշրջման» ծրագրի իրականացման նպատակով փոփոխի Մայր օրենքը, ցնցի պետությունը՝ դրանից բխող հետևանքներով։

Եթե կարելի է անվերջ նայել վառվող կրակին, հոսող գետին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի հատկապես նախընտրական կոչերն ու հայտարարությունները կարելի է լսել և անվերջ ցնցվել, ապշահար լինել։ Մեզ այլ բան չի մնում, քան Տեր-Պետրոսյանին նրա իսկ խոսքով արձագանքելը՝ «սա մանկապարտեզ էլ չի, սա խենթանոց է»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031