Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջից, որի հետ մարտի 22-ի առավոտյան սուր խոսակցություն էր ունեցել մետրոյում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է՝ ամփոփելով մարտի 22-ին թիմակիցների հետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կատարած շրջայցը։
«Ես նաև մեր որոշ գործընկերների մեկնաբանություններից և քննադատություններից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ չի եղել, ինչպես, երևի, պետք է լիներ։ Ես նորից ուզում եմ ներողություն խնդրել այն ամենի համար, ինչը ձևով և բովանդակությամբ չեմ ասել այնպես, ինչպես պետք է լիներ։ Բայց նոր գործընկերներին էի ասում, որ 2023 թվականի իրադարձություններին ես մինչև այսօր չեմ կարողանում առանց էմոցիաների անդրադառնալ։ Սա շատ մեծ թերություն է, ընդունում եմ այդ թերությունը, չեմ կարողանում ես այդ պահը հաղթահարել։ Ես նոր հիշեցի, որ ոչ մի տեղ չեմ կարողացել էմոցիաներս զսպեմ, բայց նոր խոստացա, որ ես մի օր այդ թեմային համապարփակ կանդրադառնամ»,- նշել է Փաշինյանը։
Ուղիղ եթերում դիմելով ԼՂ-ից բռնի տեղահանված կնոջը՝ Փաշինյանն ասաց․
«Հարգելի տիկին Մոսիյան, Ես Ձեզանից և Ձեր որդուց ներողություն եմ խնդրում էմոցիաների համար։ Հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու և հանգիստ խոսելու։ Ես կուզենամ, որ այդ խոսակցությունը տեղի ունենա։ Ես գիտեմ, որ կմերժեք, հետևից երկու կոպիտ բառ էլ կասեք, ես դա ընդունում եմ խոնարհությամբ, բայց եթե հանկարծ Ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք հեռախոսը դնենք և պայմանավորվենք հանգիստ, առանց էմոցիաների խոսել, իմացեք, որ ես Ձեր տրամադրության տակ եմ և այս գլխից ընդունում եմ այդ հրավերը։ Ես ընդունում եմ, որ ինչ-որ բան այնպես չեմ ասել, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել, ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել։ Բայց էլի եմ ասում, այս թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում, բայց ընդունում եմ, որ այս թեմայով պետք է հանդարտ խոսակցություն տեղի ունենա»։
Մարտի 22-ի առավոտյան մետրոյում սուր խոսակցություն էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՂ-ից բռնի տեղահանված կնոջ միջև։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշան նվիրել ԼՂ-ից բռնի տեղահանված կնոջ որդուն, կինը, սակայն մերժել էր։ Փաշինյանն այնուհետև դիմել էր կնոջը և նշել, որ նրա որդին այդ քարտեզի տարածքում է ապրելու։
ԼՂ-ից բռնի տեղահանված կինն էլ արձագանքել էր, որ «Նիկոլ Փաշինյանը չի թողնելու, որ իրենք իրենց երազած Արցախում ապրեն», ինչին Փաշինյանը պատասխանել էր․ «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Ղարաբաղում ապրեք։ Եվ 2023 թվականին էդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, թե ես սահմանները փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան։ Դուք ասում էիք, որ ես հատուկ փակել եմ սահմանը, որ Ղարաբաղի ժողովուրդը Հայաստան չգնա։ Հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնալ։ Որևէ մեկդ այս քարտեզի մասին քամահրանքով չխոսեք, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։
Փաշինյանի հայտարարությունը լայն արձագանք էր ստացել սոցիալական ցանցերում։ Թեմայի շուրջ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները:Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման:Վերը շարադրվածը նկատի ունենալով` Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ: Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը:Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր լիազորությունները՝ ուղղված յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։






































