«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը գրասենյակ է բացել Աբովյան քաղաքում` Հանրապետության պողոտա, 16/37:
<Բաց ենք ձեր առաջ՝ լսելու, քննարկելու խնդիրները և միասին գտնելու լուծումները։ Արդարությունը գալիս է։ Ուժը միասնության մեջ է»,–ասված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ Իսկ տարածված տեսանյութում Թաթոյանն ասում է. «Մենք պետք է աշխատենք, որ մեզանից հետո եկող սերունդների համար կամ խնդիրները լուծենք, կամ հնարավորինս քիչ խնդիր թողնենք։ Մենք ասում ենք, որ ի սկզբանե առողջապահությունը, բժշկական օգնությունը պետք է լինի անվճար, ամբողջությամբ անվճար և դա հնարավոր է։ Այսօր տեսեք ոնց է. ծնողը ունեցավ գումար, կարողացավ տալ պարապելու երեխային, լավ կպարապի, կփորձի ընդունվել։ Բայց երեխան էլ մեծ հաշվով գիտի, որ դա ծնողի հույսին է, եթե ծնողը հանկարծ հնարավորություններ չունեցավ, չի էլ կարողանում որևէ արդյունքի հասնի։ Առհասարակ, այսօրվա ավագ դպրոցի համակարգը չի ծառայում իր նպատակին։ Այսօրվա ավագ դպրոցը դարձրել է մեր երեխաներին սովորեցնելը ապամոտիվացնելու տեղ»։ Տեսանյութում կարծիքներ են հայտնում նաև քաղաքացիները՝ նշելով. «Ես հաճույքով եմ լսում պարոն Թաթոյանին, ոնց որ իմ մտածելակերպն է իր մեջ մարմնավորված կամ հակառակը։ Ես բոլոր դեպքերում իրեն եմ ձայն տալու։ Եվ մակարդակն է բարձր, և պահվածքը, և արտաքին տեսքը»։ «Փառք Աստծո, որ մեր հայ ազգի մեջ դեռ կան այսպիսի մարդիկ, որ մտածում են ազգի, պետության համար»։ «Կարևոր նա է, որ ինքը ինչ-որ խոստում տալիս է ժողովրդին, ինքը իր խոստումի տեր մարդ է»։ «Տեղյակ եմ նրա ազնվությանը, գիտեմ, թե ինչ կրթություն ունի և դա շատ կարևոր է մեր երկրի համար, որ մեր երկրի կառավարողները լինեն կրթված։ Միանշանակ ճիշտ ընտրություն կլինի ձայնը տալ պարոն Թաթոյանին»։ Իր հերթին «Առաջ» արժանապատվության շարժման համակարգող Լևոն Չուկակլյանը նշել է. «Մենք ունենք իրականություն, երբ մեզ ներկայացնում են, թե պարտվողականությունը նորմալ է, զիջումը խաղաղություն է և հարևան պետության կողմից մեզ ներկայացվող տնային առաջադրանքները և մեր լռությունը դրանք կայունություն են։ Մենք այստեղ ենք ասելու՝ ոչ, չկան այնպիսի իրավիճակներ, որ մենք միասին չենք կարող հարցերը լուծել»։ «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման անդամ Արմեն Մանվելյանն իր հերթին ընդգծել է. «Միավորվելով, նաև հավատալով պարոն Թաթոյանի քաղաքական լիդերությանը, մենք միասնաբար համոզված ենք, որ կարող ենք փոխել այս երկրի ճակատագիրը»։






































