Մ23 Եվրոպայի առաջնության արդյունքներից գոհ եմ: Կարող էինք եւս երկու մեդալ ունենալ, բայց չստացվեց: Երկու ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներով ավարտեցինք պայքարը: Տղաների աշխատանքն ինձ գոհացնում է:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, որն ամփոփել է Սերբիայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի թիմի կազմում Մ23 ԵԱ ոսկե մեդալակիրներ են դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն ու 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը։ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը արծաթե մեդալակիր է, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։
«Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արդյունքներից գոհ եմ: Կարող էինք եւս երկու մեդալ ունենալ, բայց չստացվեց: Տղաների աշխատանքն ինձ գոհացնում է: Ունեցանք երկու չեմպիոն, մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ:
Մանվել Խաչատրյանից ավելի շատ էի սպասում եւ պահանջում: Ավելի փորձառու էր, բայց ռուս ըմբիշի հետ գոտեմարտը հաջող չստացվեց, արդյունքում բավարարվեց բրոնզով:
Արամայիս Հարությունյանի առաջին մեդալն էր միջազգային մրցաշարերում: Իր քաշային կարգում ունենք երեք ըմբիշ: Կարծիք կա, որ ծանր քաշերը մերը չի, մենք ավելի հաջողում ենք թեթեւ քաշերում, բայց Արամայիս Հարությունյանը եւ իր քաշային կարգում մեր մյուս երիտասարդներն այդ կարծրատիպը կոտրում են: Ունենք լավ երիտասարդներ, աշխատասիրություն կա, մարզչական շտաբը լավ է աշխատում, բնական է՝ կունենանք արդյունքներ:
Կարող էինք ունենալ եւս երկու մեդալ: Աշոտ Խաչատրյանից էի սպասում մեդալ: Գոհ չեմ երիտասարդների աշխարհի չեմպիոն Վիգեն Նազարյանից: Նա կարող էր ավելի լավ արդյունք ցույց տալ:
Սուրեն Աղաջանյանը մի սովորություն ունի. Յուրաքանչյուր մրցման ժամանակ մեկ գոտեմարտում զիջում է դիրքերը, թուլացնում է, բայց հետո նորից վերականգնում է: Նա ոսկե մեդալից բացի երկրորդ տարբերակ չուներ: Դա էր իր առջեւ դրված պահանջը:
Մրցավարությունն այդքան էլ հաջող չէր ոչ միայն մեզ համար, բոլորի նկատմամբ: Այնպես չի եղել, որ մեր նկատմամբ կոնկրետ ընդգծված վերաբերմունք է եղել: Մի քանի բացթողում եղավ, բողոքարկեցինք, հաղթեցինք, բայց, ընդհանուր առմամբ կային բացթողումներ:
Այս մրցաշարը ստացված եմ համարում ինչպես մեր թիմի համար, այնպես էլ ընդհանուր, քանի որ փոփոխված կանոններից հետո արդեն, կարծես, հարմարվել ենք, հաստատվել:
Առջեւում ունենք այս շրջանի կարեւոր մրցաշարը՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը տեղի կունենա ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Երեւանի «Օլիմպավանում» մեկնարկել է մարզական հավաք, որին մասնակցում են բոլորը՝ մեծահասակներն ու երիտասարդները: Այս հավաքն ուղղված կլինի ֆիզպատրաստությանը: Վերջին հավաքը կանենք Տիրանա մեկնելուց առաջ:
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում կլինեն շատ երիտասարդներ: Կաշխատենք Եվրոպայի առաջնությանը լավագույնս հանդես գալ:
Կաշխատենք մեծահասակների Եվրոպայի առաջնությունն ամենաբարձր մակարդակի վրա անցկացնել»,- ասաց Արմեն Բաբալարյանը:
Լուսինե Շահբազյան







































