Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 7-2 հաշվով վստահ առավելության հասավ անգլիական «Նյուքասլի» նկատմամբ:
Հանդիպման արդեն 6-րդ րոպեին Ռաֆինյան բացեց խաղի հաշիվը։ Հյուրերը 15-րդ րոպեին Էնթոնի Էլանգայի գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը, սակայն 18-րդ րոպեին Մարկ Բեռնալը կրկին առաջ մղեց կատալոնացիներին։ 28-րդ րոպեին Էլանգան դարձավ դուբլի հեղինակ՝ ևս մեկ անգամ հավասարեցնելով հաշիվը։ Առաջին խաղակեսին ավելացված 45+7-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Լամին Յամալը։
Երկրորդ խաղակեսն անցավ «կապտանռնագույնների» բացահայտ առավելությամբ. 51-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերմին Լոպեսը, այնուհետև դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին (56-րդ և 61-րդ րոպեներ), իսկ հանդիպման վերջակետը 72-րդ րոպեին դրեց Ռաֆինյան՝ նույնպես դառնալով դուբլի հեղինակ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշվով ոչ-ոքի, և երկու խաղերի ընդհանուր 8-3 արդյունքով կատալոնական ակումբը վստահորեն նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։
Քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» կհանդիպի «Ատլետիկո Մադրիդ» — «Տոտենհեմ» զույգի հաղթողին։






































