Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին նշել է, թե որ թիմն է, իր կարծիքով, Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր հավակնորդը։
«Ներկայիս «Բավարիան» պարզապես չափազանց ուժեղ է. նրանք բարդ մրցակից կլինեին ցանկացածի համար։ Հենց հիմա նրանք լավագույն թիմն են՝ առանց որևէ կասկածի։ Տղաները լավագույնն են բոլոր առումներով՝ տեխնիկապես, տակտիկապես և ֆիզիկապես։ Նրանք մրցակցությունից դուրս են, դա ակնհայտ է բոլորին։ Իմ կարծիքով՝ հենց նրանք են Չեմպիոնների լիգայում հաղթելու գլխավոր ֆավորիտը»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 18-ին, «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ կընդունի իտալական «Ատալանտային»։ Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է մյունխենցիների ջախջախիչ հաղթանակով՝ 6-1 հաշվով։






































