Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ցավակցական հեռագրում ասված է․«Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին:Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլյա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր կյանքի զարգացման, հասարակության համախմբման և պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողություններում:
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»:






































