Միջազգային ծովային կազմակերպության (IMO) ղեկավարը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ռազմական նավերով ուղեկցումները չեն ապահովի նավերի «100 տոկոսանոց» անվտանգությունը։
Կազմակերպության գլխավոր տնօրեն Արսենիո Դոմինգեսն ընդգծել է, որ ռազմական աջակցությունը «երկարաժամկետ կամ կայուն լուծում չէ» նեղուցի բացման համար։ «Ռիսկը նվազում է, սակայն այն դեռևս մնում է։ Առևտրային նավերը և ծովագնացները կարող են վնասվել»,- Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Դոմինգեսը՝ ընդգծելով քաղաքացիական անձնակազմերի համար վտանգը։
Դոմինգեսը նշել է, որ խնդրի մի մասը կապված է նեղուցի աշխարհագրության հետ։ Ամենանեղ կետում այն 33 կիլոմետր լայնություն ունի, սակայն յուրաքանչյուր ուղղությամբ նավագնացության համար խորջրյա ուղիների ընդհանուր լայնությունը կազմում է ընդամենը մոտ երկու ծովային մղոն (մոտ 4 կիլոմետր)։ Նեղուցը իրանական կողմից սահմանակից է լեռներով, ինչը նրան առավելություն է տալիս։
«Մենք դառնում ենք հակամարտության «կողմնակի վնաս». հակամարտություն, որի պատճառներն ուղղակիորեն կապված չեն ծովային բեռնափոխադրումների հետ»,- ընդգծել է Դոմինգեսը։
Նա միաժամանակ լուրջ մտահոգություն է հայտնել, որ Պարսից ծոցում մնացած նավերը կարող են բախվել իրենց անձնակազմերի համար սննդի և պաշարների պակասի։ Կազմակերպությունը նավագնացության ընկերություններին խնդրում է հավաքել տվյալներ նավի վրա պաշարների վերաբերյալ, որպեսզի կարողանան օգնություն ցուցաբերել այն նավերին, որոնք ամենաշատն են դրա կարիքը զգում։
«Իրավիճակը տագնապ է հարուցում, հատկապես այն պատճառով, որ նավերը գործնականում չեն կարողանում ազատորեն գործել Հորմուզի նեղուցում կամ Պարսից ծոցի տարածաշրջանում։ Նավահանգիստներ մուտքը ևս սահմանափակ է, քանի որ նավահանգստային կառույցները հարձակման են ենթարկվում։ Որոշ պահի նավերի սննդի, ջրի և վառելիքի պաշարները կսկսեն սպառվել»,- պարզաբանել է Դոմինգեսը։
Մարտի 2-14-ը, Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների (UK Maritime Trade Operations) տվյալներով, նեղուցով անցել է ընդամենը 47 բեռնատար նավ և նավթատար լցանավ։ Դրանցից մի քանիսը պատկանում են միլիարդատեր նավատեր Ջորջ Պրոկոպիուին, որի երկու նավերը նավթ են մատակարարում Հնդկաստան։
Դոմինգեսը նավերի կառավարիչներին կոչ արեց «չնավարկել, չվտանգել նավաստիներին և նավերին…նախքան նավատերերն իսկապես կընդունեն այդ վտանգը, իրավիճակը պետք է դեէսկալացվի»։






































