Ռումինիայի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարության մեջ ընդգծել է, որ 2006 թվականի երկկողմ համաձայնագիրը «Միացյալ Նահանգներին երաշխավորված իրավական հիմք է տրամադրում Ռումինիայի տարածքում ռազմական բազաների մշտական օգտագործման համար»։
«Ռումինիան հակամարտության կողմ չէ։ Մեր առաջնահերթությունը լարվածության թուլացման դիվանագիտական ջանքերն են, որոնց մենք կոչ ենք անում հակամարտության առաջին օրվանից»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռումինիայի իշխանությունների հայտարարությունը հաջորդել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեիի այն հայտարարությանը, որ եթե Ռումինիան Միացյալ Նահանգներին թույլ տա օգտագործել իր ավիաբազաները, դա «անկասկած կնշանակի Ռումինիայի մասնակցությունը Իրանի դեմ ռազմական ագրեսիային»։
«Նման գործողությունը բացարձակապես անընդունելի է միջազգային իրավունքի տեսանկյունից և կհանգեցնի Ռումինիայի կառավարության միջազգային պատասխանատվության։ Իրանը համապատասխանաբար կարձագանքի՝ իրավական և քաղաքական առումներով»։






































