«Կրասնոդարը» հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ

Ռուսաստանի Գավաթի խաղարկության (FONBET) ՌՊԼ ուղու կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 4։0 հաշվով հաղթանակով։

«Ցուլերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ժոաու Բատչին, ևս մեկական անգամ աչքի ընկան Դուգլաս Աուգուստոն և Ջոն Կորդոբան։

Հանդիպումն աչքի ընկավ կոպիտ պայքարով, և արդյունքում արմեյցիները խաղն ավարտեցին 9 հոգով։ 45+1-րդ րոպեին գլխավոր մրցավար Ինալ Տանաշևը, դիմելով VAR համակարգի օգնությանը, դաշտից հեռացրեց ԲԿՄԱ-ի պաշտպան Մատեուս Ռեյսին, ով անկյունայինի խաղարկման ժամանակ ուսով հարվածել էր «Կրասնոդարի» պաշտպան Վալենտին Պալցևի կրծքավանդակին (սկզբում մրցավարը ցույց էր տվել դեղին քարտ, սակայն կրկնապատկերը դիտելուց հետո փոխեց որոշումը)։

Արդեն 63-րդ րոպեին մոսկովյան ակումբը մնաց 9 ֆուտբոլիստով. խաղի կանգառից հետո Ջոն Կորդոբային գետնին տապալելու համար միանգամից երկու դեղին քարտ ստացավ և դաշտից հեռացվեց հյուրերի մեկ այլ պաշտպան՝ Մոյզեսը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ԲԿՄԱ-ի հաղթանակով՝ 3։1 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքում (5։3) ՌՊԼ ուղու եզրափակիչի ուղեգիր նվաճեց «Կրասնոդարը»։ Եզրափակիչում կրասնոդարյան ակումբի մրցակիցը կլինի «Դինամո» (Մոսկվա) — «Սպարտակ» զույգի հաղթողը։

ԲԿՄԱ-ն պայքարը կշարունակի Տարածաշրջանների ուղու կիսաեզրափակիչի երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Կռիլյա Սովետով» — «Լոկոմոտիվ» դիմակայության հաղթողի հետ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031